«Ազատության» հետ զրույցում դեսպանը փոխանցեց, որ իրենք ԱՄՆ գործարար համայնքից բազմաթիվ հարցումներ են ստանում Հայաստանում առկա հնարավորությունների վերաբերյալ, սակայն հնարավոր ներդրողները դեռ հետևում են, թե ինչ ընթացք է ստանալու կոռուպցիայի դեմ մեկնարկած պայքարը․ - «Նրանք սպասում են տեսնելու, թե արդյոք նոր կառավարությունը հետամուտ է լինելու կոռուպցիայի դեմ ուղղված կոնկրետ քայլեր իրականացնելուն, արդյոք կոռուպցիոն գործերով քննություններն իրականացվելու են օրենքի և իրավունքի պահանջներին համապատասխան»:
ԱՄՆ դեսպանն ընդգծեց, որ հնարավոր ներդրողների համար նաև շատ կարևոր է, թե ինչպես է Փաշինյանի գլխավորած կառավարությունը լուծելու տնտեսական ոլորտում առկա խնդրահարույց հարցերը: Միլսը որպես օրինակ հիշատակեց Ջերմուկին հարակից Ամուլսարում ամերիկա-բրիտանական «Լիդիան» ընկերության կողմից ոսկու հանքավայրի շահագործման խնդիրը․ - «Ամերիկյան հնարավոր ներդրողները ցանկանում են տեսնել, թե կառավարությունն ինչպես է վերաբերվում, ինչպես ամերիկյան, այնպես էլ տեղական կազմակերպությունների հետ կապված խնդիրներին: Արդյո՞ք նրանք արդարացի վերաբերմունքի են արժանանում, երբ հետաքննում են նրանց հարկային գործընթացները: Նրանք նաև հետևում են «Լիդիան» ընկերության հետ կապված հարցերին, և ինչպես է կառավարությունը լուծում նման զգայուն ու վիճելի հարցերը: Արդյո՞ք «Լիդիանը» արդարացի վերաբերմունքի կարժանանա այդ գործընթացի ընթացքում»:
Դեսպան Միլսը նախկինում բազմիցս բարձրաձայնել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Շուրջ մեկ տարի առաջ դեսպանն «Ազատությանն» ասել էր, որ Հայաստանի էներգետիկ ոլորտում շուրջ 8 միլիարդ դոլար ներդրման ներուժ կա, սակայն դրա համար անհրաժեշտ է ազատ մրցակցության և բաց շուկայի ապահովում:
Միացյալ Նահանգների ներկայացուցիչն այսօր ևս մատնանշեց, թե նախկինում ինչն էր Հայաստանում ներդրումներ ներգրավելու հիմնական խնդիրը․ - «Միացյալ նահանգներից ներդրումների ծավալը մեծացնելու ամենամեծ խոչընդոտը կոռուպցիայի խնդիրն էր և գործարարների համար հավասար պայմանների ապահովման հարցը»:
Դեսպանի խոսքով, Հայաստանի նոր կառավարության գործողություններն ու հանձնառությունը օրենքի գերակայության պահպանման ու Հայաստանում ներդրումային լավ միջավայր ստեղծելու առումով իրեն վստահություն են ներշնչում:
«Ազատությունն» այսօր Միացյալ Նահանգների դեսպանից հետաքրքրվեց նաև ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ուղղված աջակցության հնարավոր ավելացման մասին:
«Միացյալ Նահանգների կառավարությունը դիտարկում է, թե ինչպես կարող է աջակցել Հայաստանի նոր կառավարությանը: Մենք դիտարկում ենք հնարավոր ուղիները, այդ թվում աջակցության չափերի փոփոխության հնարավորությունը ԱՄՆ միջազգային զարգացման ծրագրով ու ԱՄՆ պետական այլ կառույցների միջոցով», - պատասխանեց Ռիչարդ Միլսը:
Դեսպանն այսօր մասնակցում էր Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը նվիրված ծրագրի մեկնարկին: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության մասնակցությամբ:
ԱՄՆ կառավարական գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ Հայաստանին ուղղված օժանդակության ավելացման շուրջ քննարկումներ արդեն կան․ - «Հայաստանի կառավարության որոշ ղեկավարներ այժմ ու հենց այսօր ԱՄՆ մայրաքաղաքում են, ու կարծում եմ, նրանք կունենան քննարկումներ այդ մասին: Կարծում եմ, դրա վերաբերյալ կհայտարարվի Վաշինգտոնից, ուստի այս անգամ ես մեկնաբանություններից զերծ կմնամ»:
Հայաստանի անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանին տրամադրել է շուրջ 1 միլիարդ դոլարի աջակցություն: