Մատչելիության հղումներ

Դեռ երկու շաբաթ կա քաղաքապետի թեկնածուների առաջադրման համար. Դավիթ Խաժակյան


Երևանի քաղաքապետարանը երկու շաբաթ կսպասի, ապա թեկնածուի չընտրման կամ չառաջադրման արձանագրությունը կուղարկի կառավարություն։ Այդ մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց մայրաքաղաքի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ քաղաքապետարանն ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը փաստացի չի ընդունել:

Օգտատերերից մեկը մասնավորապես հետաքրքրվել էր Խաժակյանից, թե երկու շաբաթվա ընթացքում ևս մեկ անգամ ավագանու նիստ հնարավո՞ր է գումարել, կա՞ դրա կարիքը, օրենքն ի՞նչ է ասում՝ նշելով, որ ավագանու նիստը, որի ընթացքում պետք է կայանար քաղաքապետի ընտրությունը, տեղի չունեցավ՝ քվորում չլինելու պատճառով։

«Օրենքն ասում է, որ եթե առաջադրում եղել է և բավարար ձայներ թեկնածուն չի հավաքել, ապա ավագանու լիազորությունների ժամկետի կրճատման գործընթացը սկսում է նույն օրը, եթե ոչ՝ կա երկու շաբաթ ժամանակահատված առաջադրման համար։ Դուք գիտեք, որ տիկին Փոստանջյանը հայտարարել էր, որ նա առաջադրվել է, և դիմում էր ներկայացրել քաղաքապետին իր առաջադրման վերաբերյալ՝ քաղաքապետարան, սակայն ստացել էր պատասխան առ այն, որ առաջադրումները պետք է լինեն նիստի ընթացքում, որոնք սակայն չեն կայացել, և քաղաքապետարանի փաստացի մեկնաբանությունն այնպիսին է, որ առաջադրում չի եղել, հետևաբար՝ քաղաքապետարանը կպահպանի երկու շաբաթ ժամկետ մինչև կառավարությանը տեղեկացնելը, որ ընտրություն փաստացի չի կայացել», - ասաց Խաժակյանը՝ շարունակելով. - «Ես ունեմ սրան հակառակ փաստարկ, դա այն է, որ այդ երկու շաբաթվա ընթացքում ինչպե՞ս պետք է թեկնածուն առաջադրվի, եթե ոչ՝ գրավոր դիմում ներկայացնելով, որովհետև, եթե գրավոր դիմումն իրենց տրամաբանությամբ չի ընդունվում, ապա նիստ նախատեսված չէ ինքնաբերաբար, որ այդ նիստին առաջադրում լինի: Հետևաբար՝ այս կազուսը պետք է լուծվեր գրավոր դիմումը հիմք ընդունելով և տիկին Փոստանջյանը համարվեր առաջադրված, բայց քանի որ քաղաքապետարանն այդպիսի որոշում է կայացրել, նշանակում է, որ երկու շաբաթ պետք է սպասի, նոր այդ արձանագրությունը՝ թեկնածուի չընտրման կամ չառաջադրման, ուղարկի կառավարություն»։

Ճշտող հարցին, որ եթե Փոստանջյանն ասում է, որ առաջադրված միակ թեկնածուն ինքն է, դա այդպես չէ՞, Խաժակյանը պատասխանեց. - «Քաղաքապետարանն այդ թեկնածությունը չի ընդունում և իմ կարծիքով սխալ մեկնաբանությամբ է, որ չի ընդունում, և պետք է ընդուներ, և համարվեր առաջադրված»։

Մեկ այլ հարցի՝ «Ելք»-ը դաշինքո՞վ է մասնակցելու ընտրությանը, թե՞՝ առանձին, ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Կա հանրության սպասում, որ դաշինքը պետք է լինի միասնական, և ես ցանկանում եմ, որ այդ սպասումներն արդարացվեն՝ անկախ ուժերի միջև եղած հարաբերակցությունից։ Այս պահին մենք ունենք քաղաքապետարանում գործող ավագանու խմբակցություն, և ես կարծում եմ, որ այդ խմբակցության աշխատանքը մեկ տարվա ընթացքում իր արդյունքները կբերի ընտրությունների ժամանակ՝ և՛ առանձին մասնակցության դեպքում, և՛ միասին մասնակցության դեպքում։ Ես ասացի, որ այդ սպասումները շատ դրական են մարդկանց կողմից «Ելք» ձևաչափով, եթե այդպես էլ չլինի, միևնույն է՝ ուժերը, ես կարծում եմ, իրենց գործի առումով միասնական են և, ինչպես ասացի, իշխանություն կձևավորեն քաղաքային ընտրություններում, որը կկայանա սեպտեմբեր ամսին»։

7 տարի քաղաքային իշխանության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսին 9-ին՝ այդպես էլ չբացատրելով այդ որոշման դրդապատճառը: Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, փաստորեն, քաղաքապետի արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ն ու «Ելք»-ը թեկնածուներ չէին առաջադրել:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG