Վրաստանում, դատելով տեղական մամուլի հաղորդագրություններից, աղմկալի կոռուպցիոն սկանդալ է հասունանում: Երեկ առավոտից Թբիլիսիում սկսեցին տեղեկություններ շրջանառվել, որոնց համաձայն, Վրաստանի նախորդ կառավարության երկու առանցքային անդամները` տնտեսական զարգացման և ենթակառույցների նախկին նախարար Դմիտրի Կումսիշվիլին և տարածքային զարգացման նախկին նախարար Զուրաբ Ալավիձեն, հարցաքննվել են գլխավոր դատախազության քննիչների կողմից:
Երեքշաբթի երեկոյան դատախազությունը հաստատեց այս տեղեկատվությունը: Վրաստանի դատախազության հաղորդագրության համաձայն` «Կումսիշվիլին և Ալավիձեն հարցաքննվել են Տնտեսական զարգացման և Տարածքային զարգացման ու ենթակառույցների նախարարությունների որոշ աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և բյուջետային միջոցների մեծածավալ յուրացումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում»:
Մի քանի օր առաջ, ի դեպ, վրացական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, թե իրավապահներն արգելել են նախկին նախարարներ Կումսիշվիլիին և Ալավիձեին լքել երկիրը: Բացի այդ՝ վրացական կայքերը պնդում էին, որ դատախազության նախաձեռնած հետաքննության հաջորդ թիրախը կարող է դառնալ նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործը առնչություններ ունի երկրի արևմուտքում իրականացվող թերևս ամենահավակնոտ ենթակառուցվածքային նախագծի` Անակլիայի նավահանգստի շինարարության հետ: Ըստ որոշ տեղեկությունների, կոռուպցիոն սխեմաներում նախկին պաշտոնյաներից բացի ներգրավված է եղել նաև երկրի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկի` TBC Holding-ի սեփականատեր Մամուկա Խազարաձեն, որը նաև «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հիմնադիրներից մեկն է:
Ուշագրավ է, որ դեռ մի քանի շաբաթ առաջ ազդեցիկ դիրքեր զբաղեցնող կառավարության անդամների հարցաքննության մասին հայտնի դարձավ նոր գլխավոր դատախազ Շալվա Թադումաձեի նշանակումից բառացիորեն 24 ժամ անց: Թադումաձեն խորհրդարանի կողմից քվեների 101 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ հաստատվեց երկուշաբթի օրը: Նրա թեկնածության քննարկումը բավական բուռն ընթացավ: Թադումաձեն չհերքեց իր և Բիձինա Իվանիշվիլիի սերտ կապերի մասին լուրերը` նշելով, որ տարիներ շարունակ եղել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրի փաստաբանը: Մինչ այդ նա իրավաբանական ծառայություններ էր մատուցել ևս մեկ խոշոր գործարարի` միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիին: Նորանշանակ գլխավոր դատախազի կենսագրության այս դրվագները, ընդդիմության ներկայացուցիչների համոզմամբ, բացառում են դատախազության անկախ գործունեության ցանկացած հեռանկար:
«Շալվա Թադումաձեն հաստատեց, որ աշխատել է թե՛ Բիձինա Իվանիշվիլիի և թե՛ Բադրի Պատարկացիշվիլիի հետ: Երկու ռուսաստանյան միլիարդատերերի շահերը ներկայացրած մարդը շարքային քաղաքացիների շահերը երբեք չի պաշտպանի: Մենք գործ ունենք քաղաքական կոնկրետ ուժի կողմից առաջադրված և կատարյալ կախվածության մեջ գտնվող մի մարդու հետ», - գլխավոր դատախազի թեկնածության շուրջ քննարկումների ժամանակ հայտարարում էր ընդդիմադիր պատգամավոր Թինաթին Բոկուչավան: