ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն հուլիսի 17-ի դրությամբ պետական բյուջե արդեն իսկ վճարել է 721,4 միլիոն դրամ:
««Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից 2018 թվականի հուլիսի 17-ի դրությամբ բյուջե արդեն իսկ վճարվել է 721,4 մլն. դրամը, իսկ մնացած գումարը գտնվում է ընկերության բանկային հաշվեհամարին, որը բյուջե կփոխանցվի մինչև սույն թվականի հուլիսի 20-ը: Ընկերությունում լուծարային ստուգումը դեռևս ամփոփման փուլում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Անցած մայիսի վերջին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ բացահայտել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությամբ հանցավոր սխեմա, որը գործի է դրվել «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության միջոցով: Ըստ այդմ՝ ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ավելի ուշ՝ «Նորֆոլկի» տնօրենը, գլխավոր հաշվապահը և հաշվապահական ծառայության ղեկավարը կալանավորվել էին: