Մատչելիության հղումներ

«Եթե Արթուր Վանեցյանն առաջադրվի, ես չեմ առաջադրվի». Ռուբեն Հայրապետյան


Ռուբեն Հայրապետյան, արխիվ
Ռուբեն Հայրապետյան, արխիվ

«Նախ ասեմ, որ ես հրաժարական չեմ տալիս: Մամուլում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», - այսօր հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ ֆեդերացիայի գործկոմի նիստից հետո լրատվամիջոցների հետ զրույցում:

Ըստ Armsport-ի, դիտարկմանը, թե որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի ապագա նախագահ շոշափվում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անունը, Հայրապետյանն այսպես է արձագանքել. - «Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն»:

Հայրապետյանը նշել է, որ Ֆեդերացիայի նախագահ դառնալու օրվանից ի վեր ինքը պայքարում է պայմանավորված խաղերի դեմ: «Վերջին 2 տարում այդ աղբը մտել է մեր ֆուտբոլ: Ֆուտբոլում ամենաանցանկալի իրողությունը վաճառված խաղերի առկայությունն է», - ասել է Հայրապետյանը:

Դիտարկմանը, թե նախագահի ընտրության ժողովը սեպտեմբերին է, իսկ այդ օրվան նախորդող 10 օրվա ընթացքում թեկնածուների առաջադրումն է, և հարցին, թե առաջադրվել-չառաջադրվելու հարցն ինչպե՞ս է լինելու, ՀՖՖ գործող նախագահը պատասխանել է. - «Եթե Արթուր Վանեցյանն առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ ինձ ընտրել ցանկացողներն իրեն ընտրեն»:

Մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել, որ հրավիրվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր մարմնի արտահերթ նիստ, ու Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել:

Ֆեդերացիայի մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանն «Ազատության» հետ զրույցում հերքել էր Հայրապետյանի հրաժարականի մասին լուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG