Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Կոմիտաս միջազգային երաժշտական փառատոնը»


Հառիճավանքում մեկնարկել է անվանի խմբավար Տիգրան Հեքեքյանի հիմնադրած «Կոմիտաս միջազգային երաժշտական փառատոնը», որի նպատակն է ողջ աշխարհում տարածել կոմիտասյան երաժշտարվեստը:

«Ինչո՞ւ Հառիճավանքում՝ որովհետև դա Կոմիտասի սիրած վայրերից է, և այն եզակի վայրերից, որտեղ ինքը և՛ ապրել է, և՛ ստեղծագործել», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Տիգրան Հեքեքյանը:

Փառատոնը արդեն չորրորդ անգամ է անցկացվում: Ամեն տարի փառատոնին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած երաժիշտներ, երգչախմբեր երաժշտախմբեր ու համույթներ, որոնք հանդես են գալիս ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում:

Այս տարի փառատոնի մասնակիցներից է եղել Ֆրանսիայի Բորդո քաղաքի «Ճամփորդող երգչախումբը»՝ Ալեքսի Դուֆորի ղեկավարությամբ: Այս երգչախումբն օրերս հանդես եկավ Հայաստանի փոքրիկ երգիչների հետ, իսկ մինչ այդ էլ ֆրանսիական այս հանրահայտ երգչախումբը շրջել էր մարզերով՝ հրաշալի ելույթներ ունենալով Վանաձորում, Գոշում, Դիլիջանում:

Այս երեկո էլ «Կոմիտաս» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մեկ այլ ֆրանսիական երգչախումբ է ներկայանալու մեր երաժշտասերներին՝ մի աննախադեպ համերգ է տեղի ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ առաջին անգամ հանդես կգա Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախումբը՝ Գայել Դարշենի ղեկավարությամբ, որից հետո էլ երգչախումբը կրկին հանդես կգա մարզային մի շարք քաղաքներում, նաև Գյումրիում, հետո էլ՝ Գեղարդավանքում:

Այս երեկո կայանալիք համերգի ընթացքում ելույթ կունենան նաև Տիգրան Հեքեքյանի ստեղծած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը, որը վաղուց դասվում է աշխարհի լավագույն մանկական երգչախմբերի շարքին և արդեն 25 տարի ողջ աշխարհում տարածում է հայկական խմբերգային արվեստը:

Ինչպես շեշտում էր Տիգրան Հեքեքյանը համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ․ - «Շատ հաճելի է, որ Ֆրանկոֆոնիայի տարվա կապակցությամբ հենց Ֆրանսիայից են առաջին երկու երգչախմբերը»:

Դե իսկ Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբի հիմնադիր ղեկավար Գայել Դաշելի խոսքով էլ այս կարգի մշակութային համագործակցությունը ոչ միայն նպաստում է երեխաների համընդհանուր զարգացմանն ու ճանաչողութանը, այլև նպաստում համամարդկային արժեքների ամրապնդմանը: Նրա խոսքով՝ իրենց երգչախմբին մեծապես աջակցում են տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք երգչախմբի համար համերգային, ստեղծագործական աննկարագրելի հնարավորություններ են ստեղծել:

Ի դեպ, թեև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ, երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանը մատնանշեց, որ քաղաքապետարանը երբեք չի աջակցել իրենց երգչախմբին, իսկ այս համերգի համար աջակցություն չեն ստացել նաև Մշակույթի նախարարությունից:

«Շատ տարօրինակ է, բայց՝ դիմել ենք նախարարություն, որպեսզի նյութապես աջակցեն՝ զուտ այսօր այս համերգի գովազդի համար: Այսինքն՝ գովազդ տպել՝ աֆիշներ և այլն: ԵՎ չենք ստացել օգնություն: Սա ուղղակի, ինձ թվում է, չընկալելու, չխորանալու, չհասկանալու խնդիր է», - կարծիք հայտնեց Հեքեքյանը: - «Տեսեք՝ նաև ֆրանսիացիներն են ասում, որ ոչ ոք չգիտի՝ Հայաստանի տեղը չգիտեն, ուր մնաց՝ կոմպոզիտորների, Կոմիտասի: Սա միջոց է հանրահռչակելու, ծանոթացնելու: Այսինքն՝ գումարներ պիտի ներդրվեն: Սա ոչ միայն մշակութային իրադարձություն է, սա քաղաքական իրադարձություն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG