Մատչելիության հղումներ

ԱՆ փորձագիտական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով մահացել է կենտրոնի աշխատակիցը


Այսօր Արշակունյաց պողոտայում Արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոնի» տանիքի փլուզման հետևանքով մահացել է կենտրոնի աշխատակից Արայիկ Կարապետյանը։

Մյուս աշխատակիցը՝ Գրիգոր Մարտիրոսյանը, գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է։

Դեպքի վայր էր եկել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը․ - «Շենքի տակով անցնելիս փլուզվել է բազրիքը և երեք աշխատակից վիրավորվել է։ Նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար։ Աշխատակիցներ են եղել, տակով անցնելի են եղել, ըստ նախնական տեղեկությունների։ Բնականաբար, մանրամասները քրեական գործով կպարզվի»:

Էրեբունի բժշկական կենտրոնից «Ազատությանը» փոխանցեցին, որ պատահարից անմիջապես հետո հիվանդանոց է ընդունվել 3 տուժող։ Նրանիցից մեկը մահացել է, մյուսը՝ գանգուղեղային ծանր վնասվածքով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է գնահատվում, իսկ երրորդ աշխատակիցը՝ Մուշեղ Հարությունյանը, ստացել է թեթև քերծվածքներ և դուրս է գրվել հիվանդանոցից։

Թե ինչն է եղել պատահարի պատճառը, դեռևս չի նշվում։ Նախարարը միայն ասաց, որ շենքում շինարարական աշխատանքներ են իրականացվել․ - «Շինարարական աշխատանքներ են կատարվել շենքի պայմաննեը բարելավվելու ուղղությամբ։ Հիմա ուսումնասիրություններ կարվեն, կորոշվեն՝ եթե կան մեղավորներ, որպեսզի բացահայտվեն, ենթարկվեն պատասխանատվության, և մարդկանց իրավունքները վերականգնվեն»։

Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 157-րդ հոդվածի 2-րդ մասով՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Նախարարը դեպքի վայրից ուղևորվեց Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորված աշխատակցին տեսնելուց հետո նախարար Զեյնալյանը մանրամասնեց․ - «Տուժածին տեսանք, գիտակցությունը տեղն է, ռեանիմացիայում է, բժիշկների շատ աչալուրջ հսկողության տակ: Առանձնահատուկ ուշադրությամբ հետևելու են: Եվ ասյ պահին կոնսերվատիվ բուժում է իրականացվում: Վիրահատության անհրաժեշտություն, ըստ բժիշկների, դեռ չկա։ Ապավինենք բժիշկների գիտելիքներին և Աստծո կամքին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG