Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից այսօր վաղաժամկետ ազատ արձակվեց 3.5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանը:
2016-ի հուլիսին Երևանում «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքի գրավման օրերին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանը արդեն 2 տարի է՝ ինչ ազատազրկված էր:
Խանդոյանին պատժից վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը դատարան ներկայացրել էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը, որի ներկայացուցիչ Սարիբեկ Նահապետյանը ներկայացրեց իրենց դիրքորոշումը․ - «Դատապարտյալ Արարատ Եզնիկի Խանդոյանը պատժի կրման ընթացքում դրսևորել է դրական վարքագիծ և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է: Դատապարտյալը կանգնել է ուղղման ճանապարհին, ուստի վերջինիս պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատելը նպատակահարմար է»:
Դատախազ Սերոբ Կիրակոսյանը չառարկեց որ Արարատ Խանդոյանն պատժից վաղաժամկետ ազատ արձակվի:
Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում խոշտանգումների է ենթարկվել և առողջական խնդիրներ ունի:
Ավելի վաղ Արա Ղարագյոզյանը նույնպես միջնորդություն էր ներկայացրել Արարատ Խանդոյանին վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ, այդ հարցով կայացել էր դատական մեկ նիստ ու հետաձգվել:
Արարատ Խանդոյանն էլ հաստատեց որ առողջական խնդիրներ ունի եվ բուժման կարիք ունի:
Ինչ վերաբերում է պատժից վաղաժամկետ ազատ արձակելու՝ դատարանի որոշմանը, Խանդոյանն ասաց․ - «Քանի որ ես, լինելով նախկին իշխանությունների կամայական որոշումների արդյունքում գերի ընկած անձնավորություն, էսօր, ճիշտն ասած, չէի էլ հավատում, սակայն ունենք մի բան, որ արդեն ունենք»: