Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Անհամբեր սպասում եմ Պուտինի հետ հանդիպմանը»


ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Վիետնամում, Դանանգ, 11-ը նոյեմբերի, 2017թ․
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Վիետնամում, Դանանգ, 11-ը նոյեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է՝ ինչ արդյունք էլ տան իր այսօրվա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իրեն, միևնույն է, քննադատելու են հայրենիքում:

«Ես մեկնում եմ Հելսինկի և անհամբեր սպասում եմ Պուտինի հետ վաղվա հանդիպմանը: Ինչ հաջողությունների էլ ես հասնեմ Պուտինի հետ բանակցություններին, եթե նա նույնիսկ ինձ նվիրի մեծ քաղաք Մոսկվան՝ որպես փոխհատուցում վերջի տարիներին Ռուսաստանի գործած մեղքերի համար, ինձ, միևնույն է, քննադատությամբ են դիմավորելու, ասելու են, թե բավականին լավը չէի, որ ինձ պետք է տային նաև Սանկտ Պետերբուրգը», - գրել է ԱՄՆ նախագահը երեկ երեկոյան Թվիթերի իր էջում:

Այսօր Ֆինլանդիայի մայրաքաղաքում կայանալու է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների, դիտորդների գնահատմամբ՝ պատմական գագաթնաժողովը: Երկու երկրների առաջնորդները մինչ այսօր հանդիպել էին երկու անգամ՝ անցած տարի, տարբեր միջազգային գագաթնաժողովների շրջանակներում, և նման առանձին գագաթնաժողով կազմակերպվում է առաջին անգամ: Սա ընդհանրապես առաջին առանձին հանդիպումն է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների միջև Ղրիմի բռնակցումից հետո:

Արդեն հայտնի է, որ նախագահները քննարկելու են Ուկրաինայի, Սիրիայի խնդիրները, ինչպես նաև ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձերի թեման:

Հելսինկի մեկնելուց առաջ Թրամփը մի քանի անգամ անդրադարձել էր Պուտինի հետ այսօր կայանալիք հանդիպմանը: Երեկ նա նախ Թվիթերում գրառմամբ շնորհավորել էր Ռուսաստանի նախագահին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հիանալի կազմակերպելու համար: Իսկ մինչ այդ, CBS News-ով երեկ հեռարձակված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Հելսինկի է մեկնում փոքր ակնկալիքներով, և հավելել․ - «Մեծ սպասելիքներ չունեմ, սակայն հանդիպելը ճիշտ է, դա վատ չէ, հնարավոր է նաև լավ բան ստացվի»: Daily Mail-ին տված հարցազրույցում էլ հուլիսի 14-ին Թրամփը ասել էր․ - «Հավանաբար Պուտինը անգութ մարդ է»:

Թրամփ-Պուտին հանդիպման նախօրեին ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի ռազմական հետախուզության՝ ГРУ-ի 12 աշխատակիցների՝ Միացյալ Նահանգների նախագահի 2016-ի ընտրություններին միջամտելու համար: Այս մասին անցած շաբաթավերջին հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենսթեյնը: Նրանք մեղադրվում են հաքերային հարձակումների միջոցով հազարավոր փաստաթղթեր գողանալու և հրապարակելու մեջ, մասնավորապես՝ Դեմոկրատական կուսակցության համակարգիչներից: Ամերիկացի առաջատար սենատորները նույնիսկ կոչ էին արել Թրամփին չեղարկել Պուտինի հետ հանդիպումը այս պատճառով:

CBS-ի լրագրողների հարցին՝ արդյոք Ռուսաստանի նախագահից պահանջելո՞ւ է հանձնել ընտրություններին միջամտելու մեջ մեղադրվող այդ 12 ռուսաստանցիներին, ԱՄՆ նախագահը նախ պատասխանել է, որ չէր մտածել այդ մասին, բայց հետո հավելել է, որ իհարկե կհարցնի Պուտինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG