Մատչելիության հղումներ

Ստվերի վերաբերյալ գնահատականը ՊԵԿ գործողությունների անկյունաքարն է հանդիսանալու․ Անանյան


Ներհայաստանյան օրակարգի առանցքային հարցը կոռուպցիայի դեմ պայքարն է: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականում» խոսել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող բիզնեսներից և ստվերային տնտեսությունից:

«Ազատություն»․ - Նախկին իշխանությունների ներկայացուցիչների ապօրինի հարստացման մասին բազմաթիվ հրապարակումներ, զեկույցներ են եղել: Դուք Ձեր նախկին մասին էիք խոսում, իսկ նախկինի նախկինի մասին ի՞նչ կարող եք ասել: Նամանավանդ, եթե ուշադիր նայենք, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ունեցել են բիզնեսներ: Արդյոք պատրաստվո՞ւմ եք ուսումնասիրել նրանց եկամուտները:

Դավիթ Անանյան․ - Ասեմ, որ ոչ բոլոր պետական պաշտոնյաներն են ունեցել բիզնեսներ, հայտնի են այնպիսի հանրային ծառայողներ և պետական պաշտոնյաներ, որոնք բիզնեսներ չեն ունեցել: Տեսեք, ես խոսել եմ Վարդան Հարությունյանի մասին, ասել եմ, որ իրեն է պատկանում ինչ-որ մի գազալցակայան՝ դա դեռևս չճշտված տեղեկատվություն է, շատ դեպքերում հնարավոր է, որ իրավաբանորեն դա այդպես չլինի, կամ էդ տեղեկատվությունը դեռևս կարող է ճշգրտվել:

Նախկինի նախկին, կամ ոչ նախկին, կամ ներկա՝ ես չէի առանձնացնի որևէ պետական պաշտոնյայի, որովհետև Պետական եկամուտների կոմիտեն իր գործառույթներն իրականացնում է՝ ելնելով այս կամ այն հարկ վճարողի կոնկրետ վարքագիծը ուսումնասիրելու և դրան գնահատական տալու տեսանկյունից: Եվ եթե պարզվում է, որ այս կամ այն հարկ վճարողի վարքագիծը արդյունք է այս կամ այն պաշտոնյայի՝ նախկին թե ներկա պաշտոնյաների որևէ գործողությունների կամ անգործության, բնականաբար, համապատասխան միջոցառումներ նաև ձեռնարկվելու են այդ անձանց նկատմամբ։ Թերևս, մենք ձեռնպահ կմնանք, ասենք, ոչ թե անձանցից է պետք սկսել, այլ՝ այս կամ այն հարկ վճարողի կոնկրետ վարքագծի գնահատականից պետք է սկսել:

«Ազատություն»․ - Տարբեր գնահատականների համաձայն՝ մեր ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 20-40 տոկոսը: Ի՞նչ եք անում, որ ստվերը բերվի հարկային դաշտ, և ըստ ձեր հաշվարկների՝ որքա՞ն կարելի է վերականգնել պետական բյուջե:

Անանյան․ - Այսօր որևէ գնահատական ես չեմ հնչեցնի՝ այն պարզ պատճառով, որ մենք ոլորտային ստվերի կամ հարկունակ ստվերի վերաբերյալ լիարժեք պատկերացումներ չունենք: Մենք առաջին անգամ աշխատանքային խումբ ենք ստեղծում, որպեսզի այդ ստվերի վերաբերյալ գնահատականը տանք: Դա Պետական եկամուտների կոմիտեի գործառնությունների կամ գործողությունների անկյունաքարն է հանդիսանալու:

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG