Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կոչ է արել երկրի բոլոր պաշտոնյաներին՝ աջակցել նախագահ Հասան Ռոհանիի կառավարությանը ամերիկյան պատժամիջոցներին հակադարձելու գործում: Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Ես համոզված եմ, որ եթե կառավարությունը համապատասխան միջոցներ ձեռնարկի, ի վիճակի կլինի հաղթահարել Միացյալ Նահանգների կողմից նյութվող դավերը», - ասել է Խամենեին:
Իսլամական հանրապետության առաջնորդը նաև կոչ է արել Ռոհանիի կառավարությանը ակտիվացնել ջանքերը միջազգային ասպարեզում: «Վստահ եմ, որ մենք կկարողանանք սերտացնել կապերը թե՛ արևմուտքում և թե՛ արևելքում գտնվող պետությունների հետ` բացառությամբ ԱՄՆ-ի և նմանատիպ մի քանի այլ դեպքերի», - հայտարարել է Ալի Խամենեին: