Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Բելգիայի հավաքականը:
Շաբաթ երեկոյան Սանկտ Պետերբուրգի «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտում երրորդ տեղի համար խաղում Բելգիայի ընտրանին 2:0 հաշվով առավելության հասավ Անգլիայի թիմի նկատմամբ: Գոլերի հեղինակներ դարձան Թոմաս Մենյեն՝ 4-րդ րոպեին, և Էդեն Ազարը՝ 82-րդ րոպեին:
Աշխարհի 21-րդ առաջնությունում Բելգիայի հավաքականը տարավ 6 հաղթանակ, որոնցից երկուսը՝ Անգլիայի թիմի նկատմամբ, հաղթեց նաև Բրազիլիային, Պանամային, Թունիսին և Ճապոնիային, պարտվեց միայն մեկ խաղում՝ կիսաեզրափակիչում՝ Ֆրանսիային, խփեց 16 գնդակ, սեփական դարպասն ընդունեց 6-ը:
Սա մինչ օրս Բելգիայի գրանցած ֆուտբոլային ամենամեծ հաջողությունն է:
Աշխարհի առաջնության եզրափակիչում վաղը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կհանդիպեն Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները: