Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը մերժում է Թրամփ-Պուտին գագաթաժողովը չեղարկելու կոչերը


Սպիտակ տունը մերժել է Թրամփ-Պուտին գագաթաժողովը չեղարկելու` մի շարք առաջատար կոնգրեսականների կոչերը՝ կապված ամերիկյան ընտրություններին միջամտելու համար Ռուսաստանի ռազմական հետախուզության աշխատակիցներին առաջադրված մեղադրանքների հետ:

Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Ջոն ՄըքՔեյնը ասել է, որ եթե Թրամփը պատրաստ չէ Պուտինին զգուշացնելու, որ Միացյալ Նահանգների ու ամբողջ աշխարհում ժողովրդավարության դեմ ագրեսիայի համար թանկ գին է վճարելու, ուրեմն հանդիպումը պետք է չեղարկվի: Նույն հանձնաժողովի անդամ, դեմոկրատ սենատոր Ջաք Ռեեդը ասել է, որ արդարադատության նախարարության ցնցող մեղադրանքների լույսի ներքո՝ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է անմիջապես չեղարկի իր հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը ասել է, թե Թրամփը պետք է հրաժարվի հանդիպել Պուտինի հետ, քանի դեռ Ռուսաստանը չի ապացուցել, որ քայլեր է կատարում բացառելու միջամտությունը հետագա ընտրություններին:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ Հելսինկիում նախատեսված Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա: Նա նշել է, որ առաջադրված մեղադրանքները չեն վերաբերում Թրամփի նախընտրական շտաբի անդամներին, կամ այլ ամերիկացիների, որոնք ենթադրաբար ներգրավված կլինեին ընտրություններին միջամտելու դավադրությանը:

Դոնալդ Թրամփը, ով այժմ գտնվում է Շոտլանդիայում՝ գոլֆի ակումբի իր հանգստավայրում, Թվիթերում գրել է, թե ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ժամանակ:

«Ինչու՞ նրանք ոչինչ չեն ձառնարկել, հատկապես, երբ, ինչպես հաղորդվում է, ՀԴԲ֊ն ընտրություններից առաջ՝ սեպտեմբերին, Օբամային զգուշացրել է այդ մասին», - գրել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG