Մատչելիության հղումներ

«Սպայկա» ՍՊԸ-ն պետական բյուջե չի վճարել 2 միլիարդ 45 միլիոն դրամ, հարուցվել է քրեական գործ. ՊԵԿ


Բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունը, որը խոշորագույններից է միրգ-բանջարեղենի արտահանման ոլորտում, իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր է ներկայացրել, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 2,045,282,459 դրամ գումար, պնդում է Պետական եկամուտների կոմիտեն։

Ըստ ՊԵԿ֊ի հաղորդագրության, կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերության պատասխանատու աշխատակիցները 2015 թվականի հունվարի 1-ից 2018 թվականի ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածում արտահանված շուրջ 45 հազար տոննա լոլիկը փաստաթղթերում ներկայացրել են ոչ արժանահավատ արժեքներով՝ մեկ կիլոգրամ լոլիկը հայտարարագրելով 105,28 դրամից մինչև 373,43 դրամ գումարով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում թե՛ ՀՀ-ում, թե՛ ՌԴ-ում մեկ կիլոգրամ լոլիկի արժեքը ներկայացվածից էականորեն բարձր է եղել: Դրա հետևանքով հարկային տեսչություն ներկայացված ռեզիդենտի շահութահարկի հաշվարկով առնվազն 10 միլիարդ դրամ գումարի պակաս շրջանառություն է ցույց տրվել, ինչի արդյունքում նշված ժամանակահատվածի համար շահութահարկի գծով պակաս է հաշվարկել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 45 միլիոն դրամ:

Դեպքի առթիվ 2018 թվականի հուլիսի 13-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG