«Ինքնասպանություն գործած քաղաքական ուժը ինչպե՞ս է մասնակցելու ընտրություններին և կոնսոլիդացվելու», արձագանքելով «Ազատության» այն դիտարկմանը, թե «որոշ ընդդիմադիրներ մտավախություն ունեն, որ եթե ԱԺ արտահերթ ընտրությունները շատ ձգձգվեն, Հանրապետականը կամ նախկին իշխանությունները կարող են կոնսոլիդացնել իրենց ուժերը», հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը Բրյուսելի օդանավակայանում հինգշաբթի ուշ երեկոյան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ամփոփում էր իր առաջին եվրոպական այցելությունը:
«Երբ Ազգային ժողովում տեղի ունեցավ վարչապետի ընտրության առաջին քննարկումը, ես խորհրդարանի ամբիոնից հայտարարեցի, որ այսօր Հանրապետականը ինքնասպանություն գործեց: Եվ ես դեռևս հրապարակից հայտարարել եմ ու հույս ունեմ՝ հիմա անկոռեկտ չի հնչի վարչապետի կարգավիճակում, որ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է: Զարմանում եմ այդ խոսակցությունների վրա: Ի՞նչ ասեմ, թող կոնսոլիդացվեն»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով «Ազատության» մեկ այլ հարցի, թե 2008-ի մարտի 1-ի քրեական գործով վկա, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել հարցաքննության, և եթե ընդհանրապես չներկայանա, իշխանությունները պատրա՞ստ են միջազգային հետախուզում հայտարարել, Փաշինյանն ասաց․ - «Ես կարծում եմ, որ այդ որոշումները ոչ թե ես եմ կայացնում, դրանք օրենքով կարգավորված որոշումներ են, և մեխանիզմները կան, թե ինչ է տեղի ունենում, եթե որևէ մեկը չի ներկայանում հարցաքննության»: Փաշինյանը կրկին շեշտեց, որ Հայաստանում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ:
Հարցին՝ այսինքն չի՞ բացառվում արդյոք, որ «Ինտերպոլի» միջոցով հետախուզում հայտարարվի, վարչապետը արձագանքեց․- «Ես չեմ կարող ասել՝ բացառվում է, կամ չի բացառվում, որովհետև դա նախատեսված է օրենքով: Այսինքն այնպես չի որ ինչ-որ մեկի քմահաճույքով պետք է դա տեղի ունենա: Ես մեր իրավապահ մարմինների հետ աշխատանքում ասել եմ, որ չի լինելու մի դեպք, որ կառավարությունը փորձի ինչ-որ ձևով միջամտել: Չի լինելու այդպիսի բան՝ լինի դա նախկին, թե ներկա իշխանություններից որևէ մեկի նկատմամբ: Սկբունքը սա է»:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով բացակայում է Հայաստանից, մարտի 1-ի գործով հարցաքննության էր հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն: Նրա գրասենյակի ղեկավարը «Ազատությանը» հայտնել էր, որ Քոչարյանը պատրաստ է ներկայանալ հարցաքննության, երբ հուլիսի 25-ից հետո արտերկրից վերադառնա Հայաստան:
Ճեպազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․