Մատչելիության հղումներ

Գազալցակայաններ շահագործող 8 կազմակերպություն չեն վճարել 946 միլիոն դրամի հարկ


Լրագրողների հետ հանդիպմանը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ խախտումներ են հայտնաբերվել Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, Հանրապետական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայաններում:

Երկու օր առաջ ՊԵԿ-ը հայտարարել էր, որ «Գազպրոմ Արմենիա»-ին պատկանող «Ավտոգազ» ու գազալցակայանների շահագործմամբ զբաղվող ևս 6 ընկերություններ խուսափել են ընդհանուր առմամբ շուրջ 750 միլիոն դրամի հարկ վճարելուց:

ՊԵԿ նախագահն այսօր նշեց այդ ընկերություններից մի քանիսի սեփականատարերի անունները․ - «Ղազարյանին պատկանող, Մհեր Սեդրակյանին պատկանող, Վարդան Հարությունյանին պատկանող․․․ Ես կարող եմ մեկ թվով ասել՝ 946 միլիոն և 8 կազմակերպություն: Մհեր Սեդրակյանին պատկանող կազմակերպության մոտ չափագրումը, եթե չեմ սխալվում, մոտ 15 միլիոն դրամի մասին է խոսքը: Ամենաքիչն է Մհեր Սեդրակյանին պատկանողը: Ծառուկյան կա, Հովիկ Աբրահամյան չկա․ Միքայել Հարությունյան չկար: Քրեական գործ է հարուցված բոլոր կազմակերպությունների նկատմամբ, և քրեական գործի շրջանակներում եթե պետությանը պատճառված վնասը հաշվարկվում է և պետությանը պատճառված վնասը վերականգնվում է, քրեական գործը կարճվում է: Եվ կա էսպիսի մի շատ կարևոր բան, միջազգային պրակտիկայում ընդունված․ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման պահանջ կա հանրության մոտ: Կարծում եմ, որ պետք չի տնտեսավարողին դատել, տանել նստացնել և արգելել նրան տնտեսավարությամբ զբաղվել: Որովհետև դրա արդյունքում մենք կորցնում ենք պոտենցիալ վճարողի: Հարկ վճարողի վարքագիծը պետք է գնահատել և իրեն դնել ճիշտ ուղու վրա»:

Անանյանն այսօր տեղեկացրեց, որ մինչև այս ամսվա վերջ կավարտվի ապրանքների մաքսազերծման ոլորտում աշխատող «Նորֆոլկ» ընկերության լուծարման գործընթացը: Նա տեղեկացրեց, որ «Նորֆոլկի» փոխարեն ոչ բրենդային հագուստների փոքրածավալ ներկրողների համար մաքսազերծումը կկազմակերպի պետական մասնակցությամբ նոր ընկերություն:

Ըստ ԱԱԾ հայտարարության՝ «Նորֆոլկ» ընկերությունը ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ հարկերից խուսափելով՝ 9 ամսում 7 միլիոն դոլար ապօրինի եկամուտ էր ստացել:

Այդուհանդերձ, ըստ ՊԵԿ նախագահի, գործը հավանաբար կկարճվի՝ «եթե ամբողջ ծավալով պատճառված վնասը վերականգնվի»․ - «Պատճառված վնասի վերականգնումը մենք նախատեսում ենք մինչև հուլիսի 20-ը: Այսինքն մինչև հուլիսի 20-ը պատճառված վնասը ստուգման ակտով և լուծարային հաշվետվություններով ամբողջությամբ կառաջադրվի «Նորֆոլկին», և «Նորֆոլկի» հաշվարկային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ կգնան մարելու այդ վնասը: Թիվը 7 միլիոն դոլար էր ի սկզբանե, դրա մի մասը վերականգնվել է: 5 միլիոն դոլարի կարգի վերականգնում կլինի մինչև ամսի 20-ը»:

Երեք օր առաջ, Կառավարության նիստին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ ու կես ամսվա ընթացքում միայն չվճարված հարկերի ուղղությամբ քննչական գործողություններով բացահայտվել է վերականգնման ենթակա 42 միլիոն դոլարի վնաս: Դրանից բյուջե էր մուտք արվել դեռևս միայն 800 միլիոն դրամը:

ՊԵԿ նախագահն այսօր հայտարարեց, որ այդ թիվն ամեն օր աճում է․ - «73 կազմակերպության մասին էր խոսքը: Պետական բյուջե այդ պահի դրությամբ վերականգնված էր 800 միլիոն, այսօր արդեն այդ թիվը մեկ ու կես միլիարդ է: Դա շարունակական գործընթաց է, որովհետև նաև նոր քրեական գործեր կան հարուցված»:

Անդրադառնալով մամուլում առկա հրապարակումներին, որ Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքի են անցնում նախկինում կոռուպցիոն պատմություններում ներքաշված անձինք՝ ՊԵԿ նախագահը հակադարձեց, թե 20 ու ավելի տարիներ պետական համակարգում աշխատած անձինք ևս իրավունք ունեն նոր մտածողությամբ գործելու․ - «Իմ որդեգրած և իրականացվող կադրային քաղաքականությունը այն է, որ ես վստահում եմ նախկին կադրերին, կամ փորձառություն ունեցող կադրերին: Վարչապետը հստակ ասեց, ինքն էլ ուներ որոշակի վերապահումներ իմ կողմից կատարված նշանակումների [կապակցությամբ]: Մենք զրուցել ենք այդ թեմայով և եկել ենք այսպիսի պայմանավորվածության․ եթե Պետական եկամուտների կոմիտեն իր առջև [դրված] խնդիրներն ամբողջ ծավալով իրականացնում է, ապա կադրային նշանակումները ճիշտ էին: Եթե չի իրականացնում, մենք պետք է հետևություններ անենք: Եվ այդ պարագայում ես, իմ կադրային նշանակումներներով հանդերձ, ՊԵԿ-ում որևէ անելիք չեմ ունենալու»:

Ներկայացնելով այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները՝ արդեն երկու ամիս Պետական եկամուտների կոմիտեն գլխավորող Անանյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային ու մաքսային եկամուտներն ավելացել են 15,6 տոկոսով՝ հասնելով 649 միլիարդ դրամի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG