Մատչելիության հղումներ

«ՆԱՏՕ-ն այսօր շատ ավելի հզոր է, քան երկու օր առաջ»․ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասուլիսը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, Բրյուսել, 12-ը հուլիսի, 2018 թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասուլիսը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, Բրյուսել, 12-ը հուլիսի, 2018 թ.

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բուռն քննարկումներն ավարտվել են պաշտպանական ծախսերն ավելացնելու մասին դաշնակիցների տված հստակ խոստումներով: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես ասացի, որ շատ դժգոհ կլինեմ, եթե նրանք էապես չավելացնեն ծախսերը, որովհետև Միացյալ Նահանգներն ահռելի գումար է վճարում, թերևս, ՆԱՏՕ-ի ծախսերի 90 տոկոսը»,- ասել է Թրամփը: Նա նշել է, որ առաջիկայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պաշտպանական ծախսերը կհասցնեն իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսին: Թրամփի համոզմամբ, դա շատ երկար ժամանակ չի պահանջի, իսկ դրանից հետո թիրախը կլինի 4 տոկոսը:

Միացյալ Նահանգների նախագահն ասել է, թե միշտ պնդել է՝ անարդար է, որ Ամերիկան է այդքան շատ է ծախսում: Ընդ որում, ըստ Թրամփի, ամերիկյան տնտեսությունը զարգացում է գրանցում, հետևաբար, դա նշանակում է, որ ԱՄՆ-ն ավելի շատ է ծախսում:

Խոսելով բանակցությունների ընթացքում առկա լարվածության մասին, նա հավաստիացրել է, որ շատ մեծ հարգանք ունի ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ: «Այո, նրանք երևի մտահոգվել էին, որովհետև Միացյալ Նահանգների նկատմամբ անարդար վերաբերմունք է եղել, բայց հիմա դա ուղղվել է, շատ մեծ խոստումներ են տրվել»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Սակայն նա խոստովանել է, որ շատ չոր է խոսել դաշնակիցների հետ: «Այսօր և երեկ ես երևի մի քիչ ավելի կոշտ էի, բայց ես հավատում եմ ՆԱՏՕ-ին, դա պատմության ընթացքում ստեղծված ամենահզոր ռազմական դաշինքն է»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ առաջիկա օրերին տնտեսական հարցերի շուրջ բանակցելու է Եվրամիության հետ և նկատել է տվել, որ կարող է դարձյալ կոշտ մոտեցումներ ցուցաբերել, քանի որ «Եվրոպան առևտրի հարցում էլ անարդար է ԱՄՆ-ի նկատմամբ»: Թրամփն ընդգծել է, որ այս բրյուսելյան բանակցությունների արդյունքում դաշինքը նոր ուժ է ստացել: «ՆԱՏՕ-ն այսօր շատ ավելի հզոր է, քան 2 օր առաջ»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Հուլիսի 16-ին Թրամփը Հելսինկիում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ առնչությամբ նա ասել է․ «Շատ մեծ սպասելիքներ չկան, բայց կքննարկվի Սիրիայի հարցը, ես կանդրադառնամ նաև ձեզ այդքան հետաքրքրող՝ ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտելու թեմային, իհարկե, կխոսենք նաև Ուկրաինայի մասին»:

Բնութագրելով իր հարաբերությունները Պուտինի հետ, նա ասել է, որ Ռուսաստանի ղեկավարը «ոչ ընկեր է, ոչ էլ թշնամի»: «Պուտինը մրցակից է, գուցե մի օր բարեկամ կդառնա, գուցե չի դառնա, կտեսնենք»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը Բրյուսելից մեկնել է Լոնդոն: Դա նրա առաջին այցն է Մեծ Բրիտանիա՝ երկրի նախագահի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG