Գերմանիայի Շլեզվիգ -Հոլշտեյն դաշնային երկրամասի դատարանն այսօր վճռել է, որ Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը կարող է արտահանձնվել Իսպանիայի իշխանությունների`պետական բյուջեի միջոցները ոչ նպատակային ծախսելու մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Դատարանը սակայն չի բավարարել Մադրիդի դատախազության երկրորդ միջնորդությունը, որով Պուչդեմոնին Իսպանիայի կենտրոնական իշխանությունների դեմ խռովություն հրահրելու մեղադրանք էր ներկայացվում:
«Դատարանի որոշմամբ բյուջետային միջոցների մսխման հիմքով Պուչդեմոնի արտահանձնումը թույլատրելի է», - այսօր հայտարարել է դատարանի խոսնակը:
Գերմանական դատախազության ներկայացուցիչները առաջիկա օրերին վերջնական որոշում կկայացնեն` արդյո՞ք Պուչդեմոնի արտահանձնումը նպատակահարմար է թե ոչ:
Կատալոնիայի նախկին ղեկավարի փաստաբանները հայտարարել են, որ պատրատսվում են բողոքարկել դատարանի այսօր կայացրած վճիռը: