Վանաձորցի բժիշկ Գևորգ Մարկոսյանը, ով 4 տարի առաջ հարազատ քաղաքում թողել է աշխատանքն ու տեղափոխվել Երևան, նշում է, որ ամեն տարի առնվազն 15-20 վանաձորցի ընդունվում է Երևանի պետական բժշկական համալսարան, մինչդեռ նրանց չնչին տոկոսն է վերադառնում:
Բժիշկը համոզված է, որ Վանաձորում բժիշկների համար ոչ նորմալ պայմաններ են ստեղծված, ինչը նաև իրեն է ստիպել չմերժել Երևանում աշխատելու առաջին իսկ առաջարկն ու լքել հարազատ քաղաքը․ - «Շատ ցավալի ա լինում, երբ որ դու տեսնում ես, որ քո աշխատած գումարները կորում են, ուղղակի, դու չես կարում ինչ-որ ձև հասկանաս՝ ինչի... Կորում են ֆինանսական լաբիրինթոսում, որը ոչ մեկ չի կարող հասկանալ, ոչ մեկ չի կարող բացատրի, թե ուր գնաց, ինչի համար տենց տոկոսներ հաշվարկվեց, ոնց ա հաշվարկվում, ինչ տարբերակով ա, ոնց ա, ինչ ա․․․ Ես չդիմացա էդ ամեն ինչին»։
Գևորգ Մարկոսյանը 6 տարի աշխատել է որպես շտապ օգնության բժիշկ: Ասում է, որ այդ տարիներին վերապատրաստվել էր և շտապ օգնության ծառայությունն ավելի լավ կազմապերպելու լուրջ առաջարկներ ներկայացրել հիվանդանոցի տնօրինությանը։ Սակայն, ողջունելով հանդերձ, իր ներկայացրած ծրագիրն այդպես էլ թղթի վրա էր մնացել․ - «Ես հիմա տեղափոխվել եմ Երևան, և ամեն անգամ իմ հարազատներին, ովքեր մնացել են ստեղ, խնդիր ա լինում շտապ օգնության հետ կապված, ես մի քիչ վախենալով եմ իրանց ասում՝ շտապ օգնություն կանչեք, որովհետև չես կարա ասես՝ կանչով ով կգա»։
Մեկ շաբաթ առաջ Առողջապահության նախարարի այցելության ժամանակ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանն ասաց, որ կենտրոնի նորակառույց շենք տեղափոխվելուց հետո կադրերի խնդիր կունենան։ Նախարար Արսեն Թորոսյանն ի պատասխան նշեց, թե Երևանում 10 հազար բնակչի հաշվով 70 բժիշկ կա, մարզերում՝ գրեթե 5 անգամ պակաս։
«Հիմա օրդինատուրայի տեղերն ենք շատացնում նպատակային, ավարտելուց հետո մենք իրանց ուղարկելու ենք ինչ-որ մի տեղ, բայց էդ ինչ-որ մի տեղ գնալը պետք ա երբեք չասոցացվի աքսորի հետ, ոնց որ հիմա ա, հիմնականում. Իրանք գնում են ու ուզում են պոկվեն էդ տեղերից։ Այլ հակառակը՝ գնան ու մնան», - հավելել էր Թորոսյանը։
Նախարարը շրջել էր Վանաձորի բժշկական կենտրոնի նորակառույց շենքում և մտահոգություն հայտնել, որ ավելի քան 50 միլիոն դրամի պարտք ունեցող հիվանդանոցը նոր շենքում է՛լ ավելի կմեծացնի ծախսերն ու հետևաբար նոր պարտք կկուտակի։
Մոտ 3 ամսից կբացվի 17 հազար քառակուսի մետր տարածք ունեցող հսկա բժշկական կենտրոնը։ Կառավարությունը քննարկում է այն որպես պետական թողնելու կամ որևէ ընկերության հավատարմագրային կառավարման հանձնելու հարցը։ Մինչդեռ կենտրոնի ներկայիս կառավարման մոդելը քննադատող վանաձորցի բժիշկ Գևորգ Մարկոսյանի համար անհասկանալի է, թե ինչու է Վանաձորում բժշկական կենտրոնը վնասով աշխատում և, թե ինչու է կառավարությունը քննարկում արդեն աշխատելու պատրաստ, ժամանակակից սարքավորումներով կահավորված շենքը որևէ մասնավոր ընկերության հանձնելու հարցը։ Այս ամենի վրա պետական ու վարկային միջոցներից ծախսվել է ավելի քան 10 միլիոն դոլար։ Եվս 3 միլիոն դոլար ներդրել է «Տաշիր» բարեգործական կազմակերպությունը ծծնդատան շինարարության համար։
«Ոչ մեկը պատրաստ չի, իմ պատկերացումով, իրա գրպանից իրա անձնական փողը դնել, մարդկանց վճարել աշխատավարձ, կոմունալները վերցնել իրա վրա՝ իմանալով, որ աշխատելու ա վնասով», ֊ ասաց Մարկոսյանը:
Նա համոզված է, որ մեծ ներդրումների կարիք այլևս չունեցող բժշկական կենտրոնը ճիշտ կառավարման դեպքում կարող է մեծ շահույթով աշխատել․ - «Ոնց կարող ա պատահի՝ լինի պետական ու դա ինձ համար լինի շատ անտարբեր ինչ-որ մի բան, ու լինի սեփական, որի համար ես պատրաստ լինեմ գիշերներ չքնել, սովորել, լրացուցիչ կարդալ, իմ աշխատանքին ավելի լուրջ մոտենալ։ Ո՞նց կարող ա պատահի լինի պետական հիմնարկում հիվանդ, ու ես նրան վերաբերվեմ ոնց որ մարդ, ում բախտը չի բերել, որ ընկել ա մեր հիվանդանոց, և լինի սեփական հիվանդանոց, որտեղ որ ես վախենամ, որ հանկարծ իմ աշխատանքը ոչ պատշաճ կատարելու պատճառով ես կմնամ առանց աշխատանքի»։
Բժշկի հաշվարկներով, մայրաքաղաքում բուժվող հիվանդների 50 տոկոսը մարզերից է, նրանք ստիպված են իրենց բժշկին Երևանում որոնել։
Առողջապահության նախարարը Վանաձորում նշեց, որ հիվանդներին Վանաձորում պահելու համար հարկավոր է ծառայությունների գները նվազեցնել․ - «Մենք հիմա փորձում ենք խթանել նաև ներքին բժշկական տուրիզմը։ Երբ որ մարզային բուժհիմնարկները, մատուցելով շատ որակյալ ծառայություններ, կարողանում են շատ մատչելի գներով դա անել, և Երևանից պացիենտները կարող են գալ և բուժվել նաև մարզերում»։
Մինչդեռ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը, շեշտում է՝ նոր շենքում միայն կոնունալ ծախսերը տարեկան մոտ 55 միլիոն դրամով կավելանան։
«Այս դեպքում ենթադրվում է, որ բժշկական կենտրոնի ծառայությունների գները կվերանայվեն», - «Ազատությանն» ասաց տնօրենը՝ նկատի ունենալով ծառայությունների որոշակի թանկացում։
Մինչդեռ Վանաձորից Երևան տեղափոխված բժիշկը համոզված է, որ խնդիրները չեն լուծվի նաև անգամ նոր, հսկա շենք տեղափոխվելուց հետո էլ, եթե չփոխվեն անձնակազմի մոտեցումները․ - «Եթե նույնիսկ տեղափոխվեցինք նոր շենք, բայց տեղափոխվեցինք սենց, ոնց որ կա, մենք ունենալու ենք ավելի վատ վիճակ»: