Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Ադրբեջանի ագրեսիան ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում ժողովրդավարության դեմ է


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, 11-ը հուլիսի, 2018թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, 11-ը հուլիսի, 2018թ․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան այցի շրջանակներում այսօր ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ղեկավարների հանդիպմանը, ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ:

Հայաստանը մասնակցում է Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին: Դեռևս նախորդ կառավարության ժամանակ խոսակցություններ կային, թե Հայաստանը պատրաստվում է ավելացնել իր զինվորների թվաքանակը Աֆղանստանում: Առայժմ մենք որևէ տեղեկություն չունենք, թե ինչ է մտածում այդ ուղղությամբ այս կառավարությունը:

Ամենահետաքրքիր իրադարձությունն այս օրերի թերևս այն էր, որ Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպումից հետո կայացած կարճատև մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի մասին՝ ասելով․ - «Մեր մարտահրավերներից է Ադրբեջանի ոչ-կառուցողական քաղաքականությունը: Ցավոք սրտի, Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման և Հայաստանում ժողովրդական հեղափոխությունից հետո Ադրբեջանը ավելի ագրեսիվ դարձավ, և այս ագրեսիան միայն Հայաստանի դեմ չի ուղղված: Դա նաև ագրեսիա է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»:

Նա նաև նշեց, որ ակնկալում է կառուցողական քննարկումներ և զրույցներ՝ անվտանգության օրակարգի շուրջ։

Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց․ - «Ցավոք սրտի, վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից ես տեսնում էի լարվածության աճ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»։

«Ես կցանկանայի շեշտել, որ ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ ոչ միայն հարձակում է Հայաստանի դեմ, այլ նաև հարձակում է ժողովրդավարության դեմ։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան, և որքան հասկանում եմ՝ նրանք փորձում են աճեցնել լարվածությունը, որպեսզի կանխեն ժողովրդավարական ալիքի տեղաշարժը Հայաստանից Ադրբեջան», - շեշտել է Հայաստանի վարչապետը: - «Եվ ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը շատ ուժեղ ազդակ կհղի Բաքվին, որ մեր տարածաշրջանում իրավիճակը սրելու ցանկացած փորձ, պատերազմ սկսելու ցանկացած փորձ ուժեղ հակազդեցության կարժանանա միջազգային հանրության կողմից»:

Տեղեկություններ կան, որ ադրբեջանական սպառնալիքի մասին վարչապետը բարձրաձայնում է իր երկկողմանի հանդիպումներում, ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ իր հանդիպումներում, ինչպես նաև Եվրամիության ղեկավարների հետ հանդիպումներում: Նա արդեն հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ:

«Կարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոնում Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցել երեկ: Դա դռնփակ հանդիպում է եղել փորձագետների հետ: Վարչապետը խոսել է Հայաստանում ժողովրդավարության մասին, թավշյա հեղափոխության մասին, ասել է, որ Հայաստանի քաղաքացին վերջապես կարողացել է թոթափել իր վրայից այդ բեռը, և այժմ Հայաստանի ժողովրդավարությունը կոռուպցիայից ազատվել է, Հայաստանը ժողովրդավար երկիր է: Այսպիսի տրամաբանությամբ է ընթացել նրա ելույթը:

Այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենալու հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, հանդիպելու է նաև Բելգիայի հայ գործարարների հետ:

XS
SM
MD
LG