Մատչելիության հղումներ

Բրյուսելում նախաստորագրվեց Եվրամիություն-Ադրբեջան գործընկերության մասին համաձայնագիրը


Եվրամիությունն ու Ադրբեջանը նախաստորագրեցին գործընկերության մասին համաձայնագիրը, որով կողմերը հստակեցնում են համագործակցության առաջնահերթությունները:

Պաշտոնական Բրյուսելի բնորոշմամբ՝ հավակնոտ այդ համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում քաղաքական երկխոսության, ներդրումների, տնտեսության, օրենսդրության և մշակույթի ոլորտներում:

Փաստաթղթի ստորագրմամբ Բաքուն պարտավորվում է պայքարել կոռուպցիայի, հանցավորության և ահաբեկչության դեմ, բարեփոխել պետական կառավարման ոլորտը, բարելավել ներդրումային միջավայրը։

Կողմերը սերտ համագործակցություն են ակնկալում մասնավորապես էներգետիկ ոլորտում:

«Համաձայնագիրը, որի նախաստորագրմանը երեկ Բրյուսելում մասնակցել են Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրամիության և Ադրբեջանի արտգործնախարարներ Ֆեդերիկա Մոգերինին և Էլմար Մամեդյարովը, արտացոլում է Եվրոպական հարևանության քաղաքականության արժեքներն ու սկզբունքները, օրենքի գերակայությունն ու երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Դրանում նշված է նաև, որ կողմերի միջև գործընկերության առաջնահերթությունները դրական ազդեցություն կունենան Ադրբեջանի և Եվրամիության ժողովուրդների բարեկեցության վրա, քանի որ ուղղված են ԵՄ-Ադրբեջան կապերի է՛լ ավելի ամրապնդմանը, հայտարարում է Եվրամիությունը:

Ադրբեջան-Եվրամիություն նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են անցյալ տարվա փետրվարին, մինչ այժմ կողմերը առաջնորդվում են 1999 թվականին Բաքվի և Բրյուսելի միջև կնքված համաձայնագրով։

Կողմերն առայժմ չեն շտապում հստակեցնել փաստաթղթի վերջնական ստորագրման ժամկետները:

Մինչ այդ, Եվրամիության օրենսդիր մարմինը` Եվրախորհրդարանը նախազգուշացնում է՝ այդ նոր համաձայնագրի վավերացումն ուղղակիորեն կախված կլինեն քաղբանտարկյալների ազատ արձակումից և կոռուպցիայի դեմ Բաքվի ծավալած արդյունավետ պայքարից:

Անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդարանը նման բանաձև է ընդունել, որում ներկայացրել է նախապայմանների ծավալուն մի ցանկ։ Եվրոպացի օրենսդիրները պաշտոնական Բրյուսելին խորհուրդ են տալիս Բաքվի հետ փաստաթուղթը ստորագրել միայն դրանց կատարումից հետո:

Եվրոպական խորհրդարանի անդամները, մասնավորապես, պահանջում են, որպեսզի Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացումը կախված լինի ժողովրդավարության նորմերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների ցուցաբերած հարգանքից, օրենքի գերակայության և մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության վիճակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG