Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանը Եվրամիության հետ հանդիպում է որպես իրոք գործընկեր. Իգիթյան


Ըստ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի, Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ արդեն տեղափոխում են այլ մակարդակ, և այսօր Հայաստանն, Իգիթյանի խոսքով, Եվրամիության հետ հանդիպում է որպես իրոք գործընկեր։

​«Իմ կարծիքով, իմ տպավորությունը` որ Հայաստանը Եվրամիության հետ հանդիպում է որպես իրոք գործընկեր, ոչ թե ժամանակին ինչպես որ եղել է՝ Եվրամիությունն ինչ-որ պայմաններ կամ պահանջներ էր ներկայացնում և Հայաստանը փորձում էր հետևել այդ պահանջներին, ինչպես որ, ենթադրենք, աշակերտ։ Այսօր, իմ կարծիքով, Հայաստանն անցել է այն հնարավորությունը, որ Եվրամիությունը կարող է սպասել Հայաստանից», - ասաց Իգիթյանը՝ շարունակելով. - «Ինձ թվում է, որ մենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ արդեն տեղափոխում ենք այլ մակարդակ, որտեղ երկու գործընկերները փորձում են նայել, թե մեկը մյուսին ինչքանով կարող են աջակցել, և պահանջատերն այստեղ ավելի շատ Հայաստանն է, քան թե Եվրամիությունը»։

Իգիթյանի խոսքով՝ «և՛, և՛»-ի քաղաքականությունն անցյալում է մնացել․ - «Դա նախորդ իշխանությունների արդարացումն էր, երբ որ նրանք փորձում էին արձագանքել այս կամ այն ուժերին և դուր գալ մեկին՝ չվնասելով հարաբերությունները մյուսի հետ։ Հիմա, ինձ թվում է, այլ ձևով, այլ կերպ են ձևավորվելու մեր հարաբերությունները աշխարհի հետ, կամ Ռուսաստանի, թե Եվրամիության»։

«Եկեք տեսնենք, օրինակ, ՆԱՏՕ-ի մեր հարաբերություններն՝ այն ժամանակ Հայաստանը գնում էր կամ չէր գնում ՆԱՏՕ-ի միջոցառումներին, որոշ դեպքերում նախապես քննարկելով Ռուսաստանի հետ և ստանալով մերժում գնալու համար, կամ նույնիսկ մտավախություն ունենալով, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին պատժել ինչ-որ մի քայլի համար։ Այսօր այլ է՝ Հայաստանը տանում է բաց քաղաքականություն, օրինակ, ի տարբերություն այլ որոշ երկրների, որոնք ՆԱՏՕ-ից սպասում են աջակցություն՝ իրենց պաշտպանելու Ռուսաստանի դեմ, կամ իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնելու: Մենք այդ խնդիրը չունենք, Հայաստանը՝ որպես իրոք գործընկեր, ՆԱՏՕ-ի հետ պատրաստ է քննարկելու ՆԱՏՕ-ի օրակարգերից մեկը․ դա ընդհանուր անվտանգության հարցերն են՝ կապված ահաբեկչության կամ այլ խնդիրների հետ, և այստեղ մեր հարաբերություններն ուղղված չեն որևէ երկրի ուղղակի ձևով հատկապես Ռուսաստանի», - ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG