Մատչելիության հղումներ

Բրյուսելում կայացավ Մնացականյան-Մամադյարով հանդիպումը


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Չորեքշաբթի օրը Բրյուսելում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի միջև:

Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր` Հայաստանում ժողովրդավարական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո:

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հանդիպումը կազմակերպելու համար և ընդգծել նրանց հովանու ներքո խաղաղության գործընթացի կարևորությունն ու բանակցային դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:

Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ և միտված էր միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը, ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, և այս համատեքստում կարևորել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը, փոխվստահության ամրապնդմանը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։

Նա շեշտել է, որ հակամարտության բոլոր կողմերի իրատեսական ու կառուցողական ներգրավվածությունն առաջնային նշանակություն ունի տևական խաղաղության հասնելու ջանքերի արդյունավետության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցերի շուրջ:

Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին ներկայացրել են իրենց առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարվել հետագա քայլերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG