Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին և ներկայիս կողմնակիցներին միավորող երկու քաղաքական ուժերը` Ազգային միացյալ շարժումը և «Եվրոպական Վրաստան»-ը կհամագործակցեն աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում:
Քաղաքական այս ուժերը եվրոպացի աջերին միավորող կառույցի` Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Ժոզեֆ Դոլի միջնորդությամբ հուշագիր ստորագրեցին երեքշաբթի ուշ երեկոյան՝ Բրյուսելում գտնվող ԵԺԿ կենտրոնական գրասենյակում: Ուշագրավ է, ի դեպ, որ վրացական երկու կուսակցությունների ստորագրած այս փաստաթուղթը անգլերեն է:
Հուշագրի համաձայն՝ քաղաքական երկու ուժերը պայմանավորվում են առաջիկա նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում չպայքարել միմյանց դեմ, առավելագույն ջանքեր գործադրել ընտրազանգվածը մոբիլիզացնելու նպատակով, ինչպես նաև միավորվել երկու կուսակցությունների կողմից առաջադրված այն թեկնածուի շուրջ, որին կհաջողվի անցնել երկրորդ փուլ:
«Այս փաստաթուղթը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ դրանով մենք կկարողանանք նպաստել գործող վարչակազմի անկմանը: Իվանիշվիլիի վարչակազմի` իշխանությունից հեռացման համար ընտրությունները բավական լավ հնարավորություն են ստեղծում», - միջկուսակցական հուշագրի ստորագրումից հետո հայտարարում էր Ազգային միացյալ շարժման առաջնորդներից մեկը` Գիորգի Բարամիձեն:
Ազգային միացյալ շարժումն ու «Եվրոպական Վրաստան»-ը պառակտվել էին 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Նախկին նախագահ Սաակաշվիլիի կողմնակիցները մնացին Ազգային միացյալ շարժման կազմում, իսկ նրա հետ հակասություններ ունեցող գործիչները սկզբում հիմնեցին «Եվրոպական Վրաստան» խորհրդարանական խմբակցությունը, ապա նաև՝ համանուն կուսակցությունը: 2017 թվականի հոկտեմբերին երկու կուսակցությունները առաջին անգամ առանձին մասնակցեցին Վրաստանում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Դրանց ընթացքում Ազգային միացյալ շարժումը ստացավ քվեների 17, իսկ «Եվրոպական Վրաստան»-ը՝ 10 տոկոսը: