Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը եռօրյա աշխատանքային այցով մեկնելու է Բելգիայի Թագավորություն: Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում մասնակցելու է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով, տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը: Հաղորդվում է նաև, որ տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:
Հուլիսի 11-13-ը Եվրամիության մայրաքաղաք այցի ընթացքում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը Եվրամիության կառույցների ղեկավարների, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Այս մասին «Ազատությանը» հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
Այսօր կառավարության նիստից հետո արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց, որ առաջիկա այցը Եվրամիության մայրաքաղաք վարչապետի համար շատ լավ հնարավորություն է՝ խորամուխ լինելու եվրոպական կողմի հետ առկա լայն օրակարգի մեջ: «Մենք Եվրամիության հետ բավական հստակ և հետաքրքիր օրակարգ ունենք, որը նպաստում է մեր ներքին գերակայություններին, նպատակներին: Սա շատ լավ առիթ է վարչապետի համար, որ ներգրավվի այդ գործընթացի մեջ, ծանոթանա իր գործընկերների հետ, բարձր մակարդակով հանդիպումներ ունենա»,- ասաց Մնացականյանը:
Բրյուսելյան այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը հանդիպում է ունենալու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հայաստանի ԱԳ նախարարը վստահեցրեց՝ իր ադրբեջանցի պաշտոնակցի առջև բարձրացնելու է սահմանային լարվածության հարցն ու հատկապես Նախիջևանի ուղղությամբ վերջերս նկատվող ակտիվացման խնդիրը:
Բրյուսել մեկնելուց առաջ Ադրբեջանի արտգործնախարարը վերահաստատել էր ղարաբաղյան հարցում ադրբեջանական կողմի ռազմատենչ դիրքորոշումը: Արդյո՞ք նման հայտարարություններից հետո տրամաբանական է արտգործնախարարների հանդիպումը: «Ազատության» այս հարցին արտաքին գերատեսչության ղեկավարը հետևյալ պատասխանը տվեց․ «Ո՞րն է այլընտրանքը: Մենք պնդում ենք բանակցությունների վրա, խաղաղ կարգավորման վրա»:
Մամեդյարովի հետ առաջին դեմ առ դեմ հանդիպման նախօրեին Զոհրաբ Մնացականյանը պարզաբանեց, թե ինչ օրակարգով է հայկական կողմը գնում հանդիպման․ «Բանակցությունների դինամիկան պահպանելը, բանակցությունների մեջ ներգրավվելը»: Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին հարցին ի պատասխան, Մնացականյանը հորդորեց նախ սպասել իր և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպման ավարտին: Նրա խոսքով՝ հայկական կողմը գործնական ու ողջամիտ տրամադրվածությամբ է գնում ադրբեջանական կողմի հետ վաղը նախատեսված հանդիպմանը:
Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Բրյուսել եռօրյա այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Նախատեսված է վարչապետի ելույթը Կարնեգի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար: Տեղի կունենա հանդիպում նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։