Մատչելիության հղումներ

Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն


Արխիվ
Արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-13-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն: Այս մասին հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը:

«Այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ:

Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:

Նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը Կարնեգիի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար: Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպելու է նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում վերլուծաբանները կարծիք էին հայտնել, որ Բրյուսելում Հայաստանի վարչապետը «կփորձի ամրապնդել նաև եվրոպական կողմի վստահությունը», իսկ Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ՝ դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել էր, որ Եվրամիության ղեկավարները Բրյուսելում Փաշինյանին շատ ջերմ կընդունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG