Մատչելիության հղումներ

Էրդողանը Բաքվում է


Բաքու, Հեյդար Ալիևի անվան օդանավակայան, 10-ը հուլիսի, 2018 թ․
Բաքու, Հեյդար Ալիևի անվան օդանավակայան, 10-ը հուլիսի, 2018 թ․

Պաշտոնական այցով այսօր Բաքու է մեկնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Սա Թուրքիայի առաջնորդի առաջին արտասահմանյան ուղևորությունն է երկրի նախագահի պաշտոնը վերստանձնելուց հետո: Էրդողանը, հիշեցնենք, այդ պաշտոնը ստանձնեց երեկ: Ավանդույթի համաձայն՝ թուրք ղեկավարներն իրենց առաջին պաշտոնական այցերը կատարում են Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան, իսկ ադրբեջանցի ղեկավարները՝ Թուրքիա։

Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը և արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը: Oդանավակայանից Թուրքիայի նախագահն ուղևորվել է Բաքվի ադրբեջանցի և թուրք նահատակների ծառուղի, որտեղ հարգանքի տուրք է մատուցել զոհված զինվորների հիշատակին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր նախատեսված է Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի դեմ առ դեմ հանդիպումը, որից հետո երկու երկրների պատվիրակություններն ընդլայնված կազմերով նիստ կանցկացնեն: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ակնկալվում է, որ թուրք և ադրբեջանցի առաջնորդները կքննարկեն համատեղ էներգետիկ ծրագրերը, տնտեսական և ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև կանդրադառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին:

Մինչ այդ՝ հարցին հերթական անգամ անդրադարձել է Իլհամ Ալիևը, հայտարարելով, թե Բաքուն շարունակելու է Հայաստանին մեկուսացնելու քաղաքականությունն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել իր զորքը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Այս մասին Ալիևը հայտարարել էկառավարության նիստի ժամանակ:

Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ Բաքվի նախաձեռնած մեկուսացման քաղաքականությունը հանգեցրել է Հայաստանի տնտեսության անկմանը և 2016 թ․ ապրիլին հայկական կողմի «ռազմական պարտությանը»: Ալիևի պնդմամբ՝ այդ քաղաքականությունը նաև Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալման պատճառ է դարձել: Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր կառավարությունը չի կրկնի «քրեական ռեժիմի սխալները» և կառուցողական դիրքորոշում կորդեգրի հակամարտության կարգավորման հարցում:

«Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա այս հարցի լուծման ընդամենը մեկ ճանապարհ կա՝ զավթիչ ուժերը պետք է դուրս բերվեն զավթված տարածքներից: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը պետք է իրականացվեն»,- հերթական անգամ հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG