Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին նոր ծանուցում է ուղարկել


ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյան, արխիվ
ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր ծանուցում է ուղարկել։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կառույցի ղեկավար Սասուն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ նախկին ծանուցմանը Քոչարյանը չներկայանալու հիմնավոր պատճառներ չի ներկայացրել, սակայն հաշվի առնելով, որ նա Հայաստանի երկրորդ նախագահն է, ՀՔԾ-ն, ըստ էության, ընդառաջել է և նոր ծանուցում է ուղարկել:

Նշենք, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում հուլիսի սկզբին հարցաքննության է կանչվել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երեկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ Հատուկ քննչական ծառայությունից հարցաքննության կանչվելու ծանուցագիրը ստացել են անցած ուրբաթ օրը ժամը 14-ին և, ըստ ծանուցագրի, Քոչարյանը նույնն օրը ժամը 15.30-ին պետք է ներկայանար նախաքննական մարմին։

Սողոմոնյանը նաև ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է «Մարտի 1»-ի գործով ներկայանալ հարցաքննության, երբ հուլիսի 25-ից հետո արտերկրից վերադառնա Հայաստան:

Խաչատրյանն այսօր նշեց՝ հաշվի առնելով Քոչարյանի խոսնակի հայտարարությունը, ՀՔԾ-ն Քոչարյանին հարցաքննության է կանչել հուլիսի 25-ից հետո:

Ըստ Խաչատրյանի, եթե Քոչարյանը կրկին հիմնավոր պատճառներ չներկայացնի ու չներկայանա, ապա ՀՔԾ-ն կդիմի օրենքով սահմանված կարգով նախատեսված գործողությունների, տվյալ պարագայում՝ վկան կա՛մ բերման կենթարկվի, կա՛մ նրա նկատմամբ կհայտարարվի հետախուզում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG