«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հարցաքննության ծանուցագիր է ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Խաչատուրովը՝ պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, փոխանցել է, որ քննչական մարմին կներկայանա հուլիսի վերջին։
ՀՔԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, Յուրի Խաչատուրովը 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով ունի վկայի կարգավիճակ։
Նշենք, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Իսկ այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել նրան։