Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Կարող եմ երաշխավորել, որ ոչ մի անձեռնմխելի մարդ Հայաստանում չկա


«Հայաստանում անձեռնմխելի մարդ չկա», - այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է վերջին օրերին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրների հետ կապված աղմկոտ պատմություններից հետո իրավապահները հասնեն նաև հենց Սերժ Սարգսյանի տուն։

«Եթե ցանկացած հետաքննություն կհասնի Սերժ Սարգսյանին, կհասնի: Եթե պետք լինի, տուն կհասնի, ամեն տեղ էլ կհասնի: Բայց ոչ թե դա ես եմ որոշում, այլ փաստերն են որոշում, ընթացակարգերն են որոշում, օպերատիվ տեղեկություններն են որոշում և օրենքով սահմանված անհրաժեշտությունն է որոշում: Այսինքն, ես ձեզ կարող եմ երաշխավորել, որ ոչ մի անձեռնմխելի մարդ Հայաստանի Հանրապետությունում, անձեռնմխելի՝ բառիս լայն իմաստով, չկա: Իսկ նրանք, ովքեր անձեռնմխելի են օրենքով, նրանց անձեռնմխելիությունը հաղթահարելու եղանակները նույնպես օրենքով մշակված են: Եվ մենք այդպիսի մի դեպք արդեն Ազգային ժողովում տեսել ենք», - հավելեց վարչապետը:

Սերժ Սարգսյանի հարազատներից և մտերիմներից իրավապահների ուշադրության կենտրոնում են երրորդ նախագահի երկու հարազատ եղբայրների ընտանիքները, ինչպես նաև Սարգսյանի թիկնազորի նախկին պետը:

Սերժ Սարգսյանի եղբայրներից Լևոն Սարգսյանը, նրա դուստրը՝ Անի Սարգսյանը մեղադրվում են ապօրինի հարստացման և եկամուտները թաքցնելու համար: Երկուսն էլ այժմ հետախուզման մեջ են: Լևոն Սարգսյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը, իսկ Անի Սարգսյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Լևոն Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարված չէ․ նա մեղադրվում է ապօրինի հարստացման հոդվածով և ստորագրություն է տվել չհեռանալու մասին:

Նախաքննական մարմինը հիմնավորել է, որ Լևոն, Անի և Նարեկ Սարգսյաններն ապօրինի հարստացել են` թաքցնելով մոտ 7 միլիոն դոլար:

Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը ու իր որդիները ևս իրավապահների ուշադրության կենտրոնում են։ Ալեքսանդր Սարգսյանի ավագ որդին՝ Հայկ Սարգսյանը կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ, իսկ կրտսեր որդին՝ Նարեկ Սարգսյանը հետախուզման մեջ է․ նա հունիսի 22-ին մեկնել է Հայաստանից:

Ազգային անվտանգության ծառայությունը Նարեկ Սարգսյանի պատկանող տարածքներում և նրա հոր բնակարանում խուզարկությամբ հայտնաբերել է գումար, թմրանյութ և Մարտիրոս Սարյանի նկարներ, որոնք, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Նարեկ Սարգսյանը ստացել է Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը չարաշահելով:

Այսօր Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչպես են իրավապահները տեղեկացել այդ պատմությանը․ - «Մարդկանց թվում է, թե, ասենք, Կառավարությունում ասում ենք՝ էսօր մենք բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին, և գնում են բերման ենթարկելու: Եղել է քաղաքացի, ով դիմում է գրել ինձ, որ՝ ես էսպիսի պրոբլեմի առաջ եմ կանգնել, իմ ձեռքից էդ նկարները խլել են: Ես մակագրել եմ Ազգային անվտանգության ծառայությանը, Ազգային անվտանգության ծառայությունը հրավիրել է քաղաքացուն, նա բացատրություն է տվել, հաստատել է, հաղորդում է տվել հանցագործության մասին, և գործին ընթացք է տրվել»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մյուս եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին երկու անգամ բերման ենթարկելուն և երկու անգամ էլ ազատ արձակելուն, ապա Փաշինյանի խոսքով, այդ գործողությունները վկայում են, որ իրավապահ համակարգը օրինավոր է գործում․ - «Մի խնդիր եմ դնում՝ բոլոր գործողությունները պետք է լինեն հարյուրտոկոսանոց օրինական: Եվ բոլոր գործողությունները՝ հենց էդ տրամաբանությամբ: Մենք չենք ասում ում բերման ենթարկեն և ում ազատ արձակեն։ Օրենքն ա ասում ում բերման ենթարկեն և ում ազատ արձակեն: Սա շատ կարևոր է: Կարող ա մի մարդու տասն անգամ բերման ենթարկեն և բաց թողեն, և կարող ա մի մարդու մի անգամ բերման ենթարկեն և բաց չթողեն: Դա օրենքով սահմանված կարգով քննիչն է որոշում»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարը ներկայիս իշխանությունների ամենակարևոր գործն է․ - «Կոռուպցիայի դեմ պայքարը ամենագլխավորն է էսօր: Ես էսօր լսում եմ տարբեր կարծիքներ, մարդիկ ասում են՝ ինչի՞ս են պետք այդ բացահայտումները․․․ մինչդեռ ծրագրեր պետք է իրականացնել: Մինչև չպատժես նախկին իշխանության ներկայացուցիչներին, ովքեր կոռուպցիայով են զբաղվում, ամենաթողություն են տարածում, քաղաքականություն դարձավ ամենաթողությունը՝ ամենամերձավոր շրջապատը Սերժ Սարգսյանի ինչ ուզում էր անում էր․․․ Մինչև չպատժես, ոչ մի նոր ծրագիր չես իրականացնի»:

Քաղաքագետը կարծում է, որ նախկին իշխանությունների առաջին դեմքերին պետք է ձերբակալել․ - «Քանի որ սպասվում են ընտրություններ, ակնհայտ է, եթե իրանք մնան ազատության մեջ, նորից կմիացնեն էդ ֆալսիֆիկացիոն մեխանիզմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG