Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Բրյուսել մեկնելուց առաջ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ «առաջիկա հանդիպումը ցույց կտա, վերջապես, Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կառուցողական դեր կխաղա՞, թե՞ ոչ»:
Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ Մամեդյարովը կրկին պնդել է, թե հակամարտության կարգավորման գործընթացի առաջընթացի համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «օկուպացված տարածքներից»:
Արձագանքելով Մամեդյարովի հայտարարությանը՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասաց՝ անկախ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարություններից,
ինչպես բազմաթիվ առիթներով ասել են հայկական կողմն ու Մինսկի խմբի համանախագահները՝ բանակցությունները պետք է ընթանան եռանախագահության առաջարկությունների հիման վրա․ - «Անկախ Մամեդյարովի հայտարարություններից, մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը կարգավորման, դրա հնարավորությունների և ուղիների վերաբերյալ»:
Ավելի քան երկու ամիս առաջ, վարչապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարել էր, որ ղարաբաղյան բանակցություններում ինքը ներկայացնելու է միայն Հայաստանի դիրքորոշումը:
Իսկ օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց, որ որոշիչ ձայնը ղարաբաղյան կողմինն է․ - «Հայաստանը ինչ էլ պայմանավորվի, առանց Ղարաբաղի ձայնի կարգավորումը բնական չի լինելու, կարգավորումը կայուն և տևական չի լինելու: Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և եղել և մնում է այդ սկզբունքը օրակարգում»:
Հայաստանյան քաղաքական փոփոխություններից հետո առաջին անգամ իր հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպումից առաջ Ադրբեջանի արտգործնախարարն այսօր հայտարարել է․ - «Եթե Հայաստանում իշխանության եկած նոր ուժերը գնան Սարգսյանի ռեժիմի ճանապարհով, ապա նրանց սպասում է նույն ճակատագիրը»:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ հայկական կողմը բանակցությունների սկզբունքների առումով փոփոխություններ չունի․ - «Խաղաղ կարգավորում, Մինսկի խմբի համանախագահների ֆորմատ, խաղաղությանը նպաստող միջավայր: Ես գծեցի այն, ինչը մեզ համար չափազանց կարևոր է, առաջնային է՝ ստատուս և անվտանգություն: Այս սկզբունքներով մենք հիմա ապահովում ենք բանակցությունների շարունակությունը այնտեղից, որտեղ որ դրանք ընդհատվել են: Խաղաղ կարգավորման հիմքում դրված է փոխզիջումը․ չի կարող մեկ կողմը ստանալ ամեն ինչ, մյուսը կողմը՝ չստանալ ոչինչ, կամ ավելի շատ, կամ ավելի քիչ․․․ Կողմերի բանակցության իմաստը դա է, որ կողմերը դուրս գան բանակցություններից բավարարված՝ կարողանալով համոզիչ լինել, որ փոխզիջումը լավագույնս է արտահայտում մեկ կողմի կամ մյուս կողմի նպատակները: Մեր դեպքում ստատուսի և անվտանգության հարցը ամենաէական հարցերն են, որ դրված են սեղանին»:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, հանդիպումից երկու օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարի նման հայտարարություններն ի չիք են դարձնում բանակցություններում հաջողություն գրանցելու որևէ հնարավորություն: Այդուհանդերձ, ըստ փորձագետի, նման հանդիպումներն անհրաժեշտ են թե՛ ճանաչողական, թե՛ սահմանային լարվածությունը թուլացնելու նպատակով․ - «Անպայման պետք է հանդիպել, ու այդ մեսիջը ուղղված չէ Ադրբեջանին: Այդ հանդիպումը կապացուցի, որ Հայաստանը պատրաստ է միշտ կառուցողական մոտեցումով գործել, խաղաղ ճանապարհով լուծել: Կփոխանակեն ինչ-որ մոտեցումներ, տեսակետներ կապված էսօրվա իրավիճակի հետ Ղարաբաղի հարցում: Ես կարծում եմ, դա գլխավորը կլինի: Նույնիսկ համոզված չեմ, որ կքննարկվի հարց, թե երբ են հանդիպելու Փաշինյանը և Ալիևը: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ դա շատ դրական եմ համարում, քանի որ չհանդիպելը բերում է նրան, որ լարվածությունը կողմերի միջև է՛լ ավելի մեծանում է»:
Քաղաքագետը վստահ է, որ Մնացականյան - Մամեդյարով առաջին հանդիպումից որևէ էական արդյունք սպասել պետք չէ:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները վերջին անգամ հանդիպել են հունվարին, Կրակովում: Այն ժամանակ Հայաստանի արտաքին գերատեսչությունը ղեկավարում էր Էդվարդ Նալբանդյանը: