Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան․ Ամուլսարի խնդիրը ցավոտ հարց է մեր երկրի համար


Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունենում ՄԱՀՀԻ Երիտասարդական ֆորումում, Երևան, 7-ը հուլիսի, 2018թ․
Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունենում ՄԱՀՀԻ Երիտասարդական ֆորումում, Երևան, 7-ը հուլիսի, 2018թ․

Ամուլսարի խնդիրը ցավոտ հարց է մեր երկրի համար, այսօր անդրադառնալով Ջերմուկին հարակից Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման խնդրին՝ հայտարարեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հավելեց, որ այդ հարցում համակարծիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահի վստահեցմամբ՝ ինքը էությամբ «կանաչ» մարդ է և Հայաստանի գլխավոր բնական ռեսուրս է համարում ջուրը, որն այսօր սխալ է կառավարվում:

«Երբ որ խոսում ենք Ամուլսարի մասին, անպայման խոսում ենք ջրի մասին, որովհետև խոսքը նրա մասին է՝ եթե տեխնոլոգիան լավը չի և էդ տեխնոլոգիան կաղտոտի, կվնասի համապատասխան ջրերը, և էդ Ամուլսարը գտնվում է շատ զգայուն տեղում՝ բարձր լեռնաշխարհում, շատ մոտ է և՛ Սևանին, և՛ մնացած ջրատարներին, հետևաբար՝ կունենանք շատ մեծ պրոբլեմ», - ասաց նախագահը՝ շարունակելով․ - «Բայց պրոբլեմը միայն Ամուլսարը չի, Ամուլսարը կարծում եմ սիմվոլ է, մենք ունենք ընդհանրապես բնապահպանական խնդիրներ, որը վերաբերում է մեր բոլոր լեռնամետալուրգիական տնտեսություններին, և կարծում եմ՝ վարչապետը շատ ճիշտ է, որ էդ բոլոր տնտեսությունները պետք է ուշադիր քննարկվեն և համապատասխան լուծումներ տրվեն: Որովհետև մենք չենք կարող թույլ տալ լեռնաարդյունաբերության ճանապարհով աղտոտել մեր ամենակարևոր բնական ռեսուրսը: Մեր ամենակարևոր բնական ռեսուրսը ո՛չ մոլիբդենն է, ո՛չ պղինձն է, ո՛չ ոսկին է, այլ ջուրն է»:

Հերթական անգամ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձավ շրջանառվող տեղեկություններին, որ ինքը մասնաբաժին ունի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունում: Սարգսյանը վստահեցրեց՝ ինքը երբեք ընկերության տնօրեն չի եղել, այլ հինգուկես տարի առաջ կարճ ժամանակով զբաղեցրել է ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամի պաշտոնը:

«Լինելով անկախ տնօրենների խորհրդի անդամ, դա նշանակում է՝ ըստ օրենքի ես նույնիսկ մեկ դոլարի, կամ ես, կամ իմ ընտանիքը, որևէ մեկը, շահ իրավունք չունենք ունենալ, մեկ: Հիշեք, որ այդ նույն կազմակերպության անդամներ են նաև Համաշխարհային բանկը և Եվրոպական բանը», - ասաց նախագահը: - «Իմ էնտեղ լինելու նպատակներից մեկը շատ պարզ էր՝ էդ օրերին մեծ լարվածություն կար, էն ժամանակ՝ հինգուկես տարի առաջ, նույն Ամուլսարի և կառավարության միջև, և եթե հետ գնաք ժուռնալիստական հիշողություններ՝ նույնիսկ զանազան դեսպանություններ էին ներգրավված, և այլն, և այլն: Ես եղել եմ խորհրդի անդամ, խորհրդի նիստերին չեմ մասնակցել, բայց հնարավորություն եմ ունեցել բոլոր փաստաթղթերին ծանոթանալ, ծանոթացել եմ, մոտ երեքուկես ամիս հետո, եթե չեն սխալվում, դուրս եմ եկել, վերջակետ: Էթիկայից ելնելով՝ ես չեմ կարող ձեզ ասեմ, թե ինչ նամակներ եմ գրել և ինչ կարծիք, հասկանում եք, և դրանից հետո որևէ կապ չեմ ունեցել էդ ընկերության հետ, նորից վերջակետ»:

Նախագահ Սարգսյանն ընդգծեց՝ ինքն ամբողջությամբ աջակցում է Ամուլսարի ու այլ մետաղական հանքերի հարցով վարչապետ Փաշինյանի նախաձեռնած աշխատանքներին: Հայաստանի հարավային մարզեր այցի ընթացքում վարչապետը երեկ այցելել էր նաև Ջերմուկ քաղաք, որտեղ հանդիպել էր թե՛ Ամուլսարի հանքի շահագործման դեմ տևական ժամանակ պայքարող քաղաքացիներին, թե՛ շահագործող ընկերության ներկայացուցիչներին: Վարչապետի նախաձեռնությամբ ստեղծվել է խումբ, որը պետք է քննի Ամուլսարի, ապա նաև այլ մետաղական հանքերի գործունեության հնարավոր վնասները:

Արմեն Սարգսյանն այսօր պնդեց, որ ի տարբերություն լեռնաարդյունահանող հայկական այլ ընկերությունների՝ Ամուլսարի շահագործման իրավունք ստացած «Լիդիան» ընկերության սեփականատերերի մասին տեղեկությունները թափանցիկ են․ - «Լիդիան»-ի տերերը` Կանադայի բորսայում գրանցված ընկերություն է, այսինքն՝ բոլոր տերերի ցանկը կարող եք մի հատ Google անեք, տեսնեք՝ ովքեր են բաժնետերերը, թաքնված չեն էնտեղ: Սա նույնպես առավելություն է: Այսինքն՝ ցանկալի կլիներ, որ Հայաստանի բնական ռեսուրսներին, կամ պետության, կամ ազգային հարստության հետ կապ ունեցող բոլոր ընկերությունները լինեին հանրային՝ դա առավելություն է, որովհետև էսօր էլ էդ ընկերությունը կանադական բորսայում է, Կանադայի օրենքներով է աշխատում, հետևաբար՝ օրենքի խախտման հնարավորությունները, կոռուպցիոն հնարավորությունները քիչ են»:

Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ արդեն շուրջ երկու շաբաթ փակ են պահում Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները հանքում:

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցում էր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի 3-րդ Երիտասարդական ֆորումին: Այսօր նա իր խոսքում նաև ափսոսանք է հայտնել Երևանում պատմական շենքերի ոչնչացման առիթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG