Մատչելիության հղումներ

Բրյուսելում Հայաստանի վարչապետը «կփորձի ամրապնդել նաև եվրոպական կողմի վստահությունը»


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիին, Երևան, 5-ը հունիսի, 2018թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիին, Երևան, 5-ը հունիսի, 2018թ․

Ռուսաստան կատարած երկու այցերից հետո հաջորդ շաբաթ առաջին անգամ այցելելով Եվրամիության մայրաքաղաք Բրյուսել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձելու է Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ ամրապնդել նաև եվրոպական կողմի վստահությունը, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

«Իհարկե, այցը նաև շատ կարևոր է էն իմաստով, որ մինչև հիմա Հայաստանի նոր իշխանությունը, նոր կառավարությունը, վարչապետը առավել ինտենսիվ աշխատում էին, այսպես ասեմ, ռուսական ուղղությամբ, և դա նաև հարցեր էր առաջացրել, թե ինչո՞ւ է արևմտյան, եվրոպական ուղղությունը անտեսվում: Բայց, իհարկե, էս բաշխվածությունը, էս հերթականությունը նաև լիովին հասկանալի էր, որովհետև նոր իշխանության համար առանցքային էր՝ չեզոքացնել բոլոր այն ռիսկերը, որ կային Ռուսաստանի ուղղությամբ, մանավանդ եթե մենք տեսնում էինք, որ շատ-շատ շրջանակներ՝ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս, թե՛ Ադրբեջանը փորձում էին Ռուսաստանի մոտ անվստահություն առաջացնել Հայաստանի նոր իշխանության հանդեպ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը:

Հաջորդ շաբաթ՝ հուլիսի 11-ին ու 12-ին Բրյուսել նախատեսված իր առաջին այցի օրակարգին երեկ վարչապետ Փաշինյանն անդրադարձել էր Հայաստանի հարավային մարզեր այցի ընթացքում: «ՆԱՏՕ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելություններ ենք իրականացնում, և միջոցառումն էլ այդ առաքելությանն է նվիրված: Իսկ Եվրամիության շրջանակներում օրակարգը մեր երկկողմ հարաբերությունների խնդիրն է, մեր կնքած պայմանագրերի իրագործման և հետագա համագործակցության խնդիրը», - ասել էր նա:

Վարչապետը Բրյուսելում ունենալու է մի շարք հանդիպումներ Եվրամիության ղեկավարության հետ, այսօր «Ազատությանը» տեղեկացրեց արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Վերջինս դեռ չհստակեցրեց ՆԱՏՕ-ի ղեկավար կազմի հետ հնարավոր հանդիպումների, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի մասնակցության հարցը:

«Այս պահի դրությամբ ֆիքսված են հանդիպումներ Եվրամիության ղեկավարության՝ Եվրամիության ղեկավարություն ասելով ի նկատի ունեմ տարբեր կառույցների հետ Եվրոպական միության՝ դա Եվրոպական խորհուրդն է, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն է, նախատեսվում է հանդիպում հայ համայնքի հետ: Ինչ վերաբերում է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների գագաթնաժողովին մեր մասնակցության ձևաչափին և մակարդակին, ապա դրա մասին հավելյալ տեղեկատվություն կհայտնվի», - ասաց Բալայանը՝ հավելելով․ - «Փաստաթղթեր երկկողմ կամ բազմակողմ, որոնց նախատեսվում է միանալ մեր կողմից, այս պահին չկան, հնարավոր է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների ինչ-որ մի հռչակագիր լինի, որին, իհարկե, մենք կդիտարկենք դրան մասնակցությունը, եթե նման առաջարկություն արվի»:

Օրեր առաջ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել էր, որ իրենք ցանկանում են է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ են աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում: Նա նաև պնդել էր, որ Հայաստանի վարչապետը մասնակցելու է Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովին:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ առաջարկել է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե դրա կողմից ընդունվելիք վերջնական փաստաթղթում տեղ գտնեն կտրուկ ձևակերպումներ Հայաստանին հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը Ռուսաստանի կողմից բացահայտ չի ողջունվի, բայց չի էլ խոչընդոտվի, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը․ - «Հատկապես հիմա, երբ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ռազմական հռետորաբանության, ագրեսիվության նոր ալիք է ապրում: Եվ էս տեսանկյունից, բացի Ռուսաստանից, մենք շատ անելիք և աշխատանք ունենք ՆԱՏՕ-ի հետ՝ որպես մեր անվտանգության մեկ այլ կարևորագույն բաղադրիչ»:

Օրեր առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ազատության» հետ զրույցում վստահություն էր հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում Եվրամիության ղեկավարները շատ ջերմ են ընդունելու:

Դրանից հետո էլ՝ հուլիսի 4-ին, Եվրախորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն տվեց Եվրամիության ու Հայաստանի միջև գրեթե բոլոր ոլորտները կարգավորող համագործակցության համաձայնագրին: Նախորդ օրն էլ Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ Եվրամիությունն առաջիկա 4 տարիներին 160 միլիոն եվրո կներդնի Հայաստանում՝ աջակցելու մի շարք ոլորտներում բարեփոխումներին:

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Եվրամիության հետ համագործակցության նոր հնարավորություններ են բացել, կարծում է Հակոբ Բադալյանը: «Ինչքան տարօրինակ կլինի նոր Հայաստանի վարքում փոփոխությունների բացակայությունը եվրոպական քաղաքականության ուղղությամբ, նույնքան տարօրինակ կլինի, եթե նոր Հայաստանի հանդեպ չփոխվի Եվրամիության վարքը՝ էլի արդյունավետության և ինտենսիվության տեսանկյունից», - ընդգծեց նա:

Քաղաքական մեկնաբանը վստահ է՝ «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» դիլեման հնացած է, և Հայաստանի նոր իշխանությունը, օգտագործելով հանրային մեծ աջակցությունը, կարող է երկու ուղղությամբ էլ զարգացնել հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG