Սպիտակի թիվ 2 դպրոցում վիրավորված են կրթության և գիտության նախարարից: Դպրոցի կառավարման խորհուրդն արդեն երկու անգամ նիստ է հրավիրում՝ տնօրեն ընտրելու, բայց նախարարությունից չեն ներկայանում։ Օրենքի պահանջն է՝ առանց վերադասի ներկայության տնօրեն չեն կարող ընտրել։
«Ես` որպես խորհրդի անդամ, բողոքում եմ՝ ինչո՞ւ նախարարությունից չներկայացան՝ երկու անգամ արդեն։ Շատ վիրավորական ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց կառավարման խորհրդի անդամ Քրիստինե Նալբանդյանը:
«Ու այ սենց, մենք, կարելի ա ասել, սթրեսի մեջ, ու չգիտենք, էլի, ինչու են սենց ժամանակը, հա, էլի, հետաձգում», - ասաց խորհրդի մեկ այլ անդամ՝ դպրոցի փոխտնօրեն Արմենուհի Հովակիմյանը:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Սպիտակի թիվ 2 դպրոցի տնօրենի ընտրության նախօրեին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր այս դպրոցի կառավարման խորհրդի կազմը և անուններին կից նշումներ արել, թե անդամներից մեկը տնօրենի ամուսինն է, մյուսը՝ հորեղբորորդին, երկուսը մտերիմ են տնօրենի հետ կամ ազգական։ Դրանից հետո նախարարության ներկայացուցիչներն այդպես էլ չեն ներկայացել տնօրենի ընտրության համար հրավիրված նիստերին, իսկ նրանց բացակայությամբ մերձավորներից կազմված խորհուրդն արդեն մեկ շաբաթ հնարավորություն չունի դպրոցի տնօրենի ընտրություն կազմակերպել։
Ուսուցչանոցում ի նշան բողոքի հավաքված ուսուցիչներն ու ծնողները կապ են տեսնում նախարարի հրապարակման և տնօրենի ընտրությունը տապալելու փորձերի մեջ։
Ուսուցչուհի Սուսաննա Հակոբյանն ասում է․ - «Դուք հիմա հարց եք տալիս՝ ինչո՞ւ ամուսինը, ինչո՞ւ հորեղբոր տղան, ինչո՞ւ մորաքույրը, ինչի՞ սա, ինչի՞ նա... Էդպես ա, մեր դպրոցի օգուտի համար, դպրոցի աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար էդպես ենք ցանկացել, էդպես է եղել։ Օրենքը չենք խախտել, օրենքի ոչ մի տառ չի շեղվել։ Եվ նախկինում էլ է այդպես եղել, նախկին տնօրենի օրոք էլ էլի բարեկամներ են եղել։ Ի՞նչն ա խանգարել»։
Դեռ 2016 թվականին, դպրոցի կառավարման խորհուրդ կազմավորելու ժամանակ փոխվել են նախկին անդամները։ Ծնողական կոմիտեի կողմից ընտրված երկու անդամներից մեկը տնօրենի ամուսինն է, ով Պետական ռեգիստրի և վիճվարչության Սպիտակի տարածքային կառույցի պետն է։ Տնօրեն Լուսինե Մաթոսյանն այսպես է բացատրում․ - «Էդ ժամանակ ես չեմ վերլուծել, որ իմ ամուսինն ա, պարզապես կարող ուժ ա, դպրոցին օգուտ ա տալիս, շատ օգուտ»։
Մանկավարժական խորհրդի կողմից ընտրված երկու անդամներից մեկը դպրոցի փոխտնօրեն Արմենուհի Հովակիմյանն է, ով տնօրենի մտերիմն է։ «Ով ինձ տնօրեն, ես նրան՝ ընկեր», - ասում է Հովակիմյանը:
Մարզպետարանից նշանակված անդամը տնօրենի հորեղբորորդին է, ով Սպիտակի սոցիալական ծառայության պետն էր։ Նա մի քանի օր առաջ է ազատվել աշխատանքից։
«Մտեք ցանկացած դպրոց և կտեսնեք, որ նույն բանն ա կատարվում։ Եթե մարզպետարանն ա ուղարկել, ինչի՞ պիտի մենք չընդունենք մարդուն, եթե տվյալ մարդը ուժ ունի և կարող է իր ուժերը գործադրել մեր դպրոցում, և մեր դպրոցի համար լավ լիներ», - ասում են ուսուցիչները, մատնանշելով՝ Սպիտակի թիվ 4 դպրոցում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վանիկ Ասատրյանը կառավարման խորհրդի նախագահ է, իսկ դպրոցի տնօրենը պատգամավորի մորաքրոջ աղջիկն է։
Արդեն 5 տարվա տնօրենի հետ դպրոցի ղեկավարի պաշտոնի համար մրցույթին մասնակցում է նաև Սպիտակի մեկ այլ՝ թիվ 8 դպրոցի դասվար Լուսինե Աղումյանը։ Ասում է՝ կասկածներ ունի, որ տնօրենի օգտին կազմավորված կառավարման խորհուրդն անկողմնակալ ընտրություն չի անի։ Իր մտահոգությունների մասին հայտնել է մարզպետին, ներկայացրել խորհրդի կազմում ընդգրկված՝ տնօրենի մերձավորների ցուցակը։ Ասում է՝ տեղյակ է, որ աշխատողների մի մասն ըմբոստանում է իր հնարավոր հաղթանակի դեմ, բայց մտադիր է պայքարել մինչև վերջ․ - «Ոչ թե էստեղ աթոռի կռիվ ա, այլ զուտ արդարության կռիվ է, այսպես ասած»։
Անորոշության մեջ հայտնված՝ դպրոցի վիրավորված ուսուցիչները մտավախություն ունեն, թե իրենց համար մութ այս պատմության մեջ կկորցնեն արդեն 5 տարվա տնօրենին։ Ասում են՝ միտումներ են տեսնում․ - «Եթե նախարարության աշխատակիցը չի ներկայանում, դա արդեն ինչ-որ բան ասում ա։ Մենք էն մասսան չենք, որ չհասկանանք, մենք ենք ուրիշներին սովորեցրել, հասկացրել։ Կա շահագրգռվածություն մեկ այլ անձի նկատմամբ միգուցե»։
Այսօր կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Վանաձորում «Ազատությանն» ասաց, որ նախատեսում են Սպիտակի թիվ 2 դպրոցի խնդրին անդրադառնալ, պարզել, թե ինչու նախարարության ներկայացուցիչը չի մասնակցել նիստին առանց որևէ մեկնաբանության։ Բայց նաև հիշեցրեց նույն այս դպրոցի կոլեկտիվին համապետական ընտրությունների ժամանակ ցուցաբերած անօրինական ակտիվության մասին․ - «Երկուշաբթի օրը դրա հետ կապված որոշումներ կկայացվեն։ Բայց ես կարծում եմ, որ Սպիտակի մանկավարժական կոլեկտիվը պետք է ժամանակին վիրավորվեր, երբ որ իրենց տնօրենը ընտրություններ էր կեղծում, ձայներ էր հավաքում, ցուցակներ էր կազմում՝ պարտադրելով էդ կոլեկտիվին ապահովել ձայները։ Այդ ժամանակ եթե վիրավորված լինեին, հիմա էս խնդիրները...»: