Արցախցի Գրիգորյանների մեծ ընտանիքում 6 երեխաներից 4-ի երազանքը նույնն է. սեփական տուն են ուզում, հարմար և լուսավոր։
Բազմազավակ ընտանիքն Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում վարձով է ապրում։ Սակայն, ինչպես երեխաների տատիկը՝ Սուսաննա Խաչատրյանն է ասում, տան տերը վերջին ամիսների վարձը չի վերցրել՝ հուսալով, որ շուտով տունը կազատեն․ - «Ասել ա՝ 6 երեխա ունեք, պետությունից տուն ստացեք, դուրս եկեք»:
Այդ տնից դուրս գալ իրենք ևս շատ են ուզում։ Տան պայմանները 6 երեխայի համար անտանելի են:
Երեխաների մայրը հավաքարար է աշխատում, հայրն էլ փորձում է անասնապահությամբ հոգալ մեծ ընտանիքի, իրենց իսկ բնորոշմամբ, առավել մեծ հոգսերը։
Արցախի կառավարությունից տիկին Սուսաննային խոստացել են, որ տուն կհատկացնեն, թե երբ՝ ոչ ոք չգիտի․ - «Ասել են կտան»:
Երեխաներից ավագը՝ 14-ամյա Սյուզին բանաստեղծություններ է գրում։ Երազում է բժիշկ դառնալ։ Միակ որդին՝ Գոռն էլ իրեն երաժշտության մեջ է փորձում։
Առջևում երեխաներից ամենափոքրի ծննդյան օրն է՝ մեկ տարեկան կդառնա։ Սուսաննա տատիկի միակ ցանկությունը գոնե նրա ծնունդը նոր տանը նշելն է։