Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանն այցելել է սահմանի նախիջևանյան հատված


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր առավոտյան այցելել է Հայաստանի հարավարևմտյան սահմանագոտի (նախիջևանյան հատված)։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ Հովհաննիսյանի, զորամիավորման հրամանատարության հետ Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր և ոչ միայն։

Պաշտպանության նախարարը հանդիպման ավարտին պարգևատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին։

Ադրբեջանը վերջերս հաղորդում է Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին իբր արձանագրած հաջողությունների, հայկական զինված ուժերից շուրջ 11 հազար հեկտար տարածք ետ գրավելու, նոր դիրքեր տեղակայելու մասին, ինչը հայկական կողմը հերքում է՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինուժը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ է իրականացնում բացառապես իրենց տարածքում:

Հուլիսի 2-ին Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ հունիսի 30-ին՝ ուշ երեկոյան և հուլիսի 1-ին՝ առավոտյան նախիջևանյան ուղղությունում տեղի է ունեցել երկկողմանի հրաձգություն։

«Հակառակորդը փորձում էր իր դիրքերը ամրապնդել՝ ինժեներական առումով, մենք էլ թույլ չէինք տալիս, սկսվում է փոխհրաձգություն, որի ընթացքում մենք չեզոքացնում ենք հակառակորդի դիրքը՝ կադրերը նաև այսօր հրապարակել եմ», - ասել էր Հովհաննիսյանը՝ նշելով, որ ամսի 2-ի դրությամբ իրավիճակը սահմանի նախիջևանյան ուղղությունում հանգիստ է:

«Ազատության» հարցին՝ թե այրված դիրքը ո՞ր հատվածում էր, Հովհաննիսյանը պատասխանել էր՝ «Զանգակատնից [գյուղ Արարատի մարզում] մի փոքր վերև»:

«Ամեն դեպքում, հայկական կողմը և՛ այդ դիրքի, և՛ ցանկացած այլ դիրքերի նկատմամբ հակառակորդի ոտնձգություններին շատ վճռական է տրամադրված և հակազդում է», - ասել էր Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG