Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ նախագահը պետական մարմիններին կոչ է անում ավելի թափանցիկ գործել


Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան
Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան

Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հավաստիացնում է՝ Թավշա հեղափոխությունից առաջ և հետո նույն ակտիվությամբ են աշխատել ու բացահայտումներ արել։

«Հանձնաժողովը մշտապես՝ այս տարիների ընթացքում, աշխատել է ակտիվ և շարունակում է նույն տեմպով, նույն ոգով աշխատել», - հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց Շաբոյանը: - «Կարող եք դիմել մեզ և ցանկացած ժամանակահատվածում մեզանից պահանջել մեր կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն, մեր կողմից կայացված բոլոր որոշումները կարող եք պահանջել և կտեսնեք, որ մեր աշխատանքային գործունեության մեջ որևէ բան չի փոխվել»:

Հանձնաժողովը մշտապես՝ այս տարիների ընթացքում, աշխատել է ակտիվ և շարունակում է նույն տեմպով, նույն ոգով աշխատել ...
Արտակ Շաբոյան, ՏՄՊՊՀ նախագահ

Հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը այսօրվա նիստում հերթական ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց․ ասաց մրցութային կարգի խախտման տասնյակ դեպքեր են հայտնաբերվել, խախտումներ կան ձկան և խեցգետնի արդյունահանման, հանքերի շահագործման, անտառահատման, պետական գույքի վարձակալման ու մի շարք այլ ոլորտներում։ Հանձնաժողովը պարզել է, որ օրինակ սահմանափակ ռեսուրսների տնօրինման հարցում պետական մարմինը հաճախ նախապատվությունը տալիս է իր նախընտրած ընկերությանը։

«Օրինակ՝ շատ տնտեսվարողներ են ցանկանում զբաղվել Սևանա լճից կամ այլ լճերից խեցգետնի, ձկան արդյունահանմամբ կամ իրականացնել հասարակական սննդի կազմակերպում, զբաղվել բացօթյա առևտրով կամ իրականացնել օգտակար հանածոների արդյունահանում և այլն: Եվ երբ այդ լիցենզիաները, թույլտվությունները արդարացի ձևով չեն բաշխվում տնտեսվարողների միջև, սա կարող է մրցակցային անհավասար պայմաններ ստեղծել», - պարզաբանեց Արտակ Շաբոյանը:

Ոչ մրցակցային պայմաններ են առաջանում նաև այն ժամանակ, երբ պետական մարմինը բիզնեսով է զբաղվում, օրինակ նախարարություններին պատկանող ՊՈԱԿ-ները զբոսաշրջության ոլորտի կամ թարգմանչական ծառայություններ են իրականացնում՝ վատ վիճակի մեջ դնելով մասնավորին։ Խնդիրներ են առաջանում նաև պետությանը պատկանող գույքի օտարման կամ վարձակալության ժամանակ։ Այս դեպքում էլ աճուրդներին հիմնականում պետական մարմնի նախընտրած ընկերություններն են մասնակցում։ Արտակ Շաբոյանն ասում է՝ երբեմն մրցույթներ ընդհանրապես չեն հայտարարվում: Նա հանքերի շահագործման օրինակն է բերում․ - «Այս գործընթացն ամբողջությամբ փակ է, որևէ տնտեսվարող չի տիրապետում այս տեղեկատվության, չի իմանում, որ՝ կա՞ն արդյոք հանքավայրեր, որ պետությունը ցանկանում է շահագործման հանձնել: Եվ ստացվում է, որ այն տնտեսվարողները, որոնք ինչ-ինչ ձևով տեղյակ են լինում այս տեղեկատվությանը, հայտնվում են ավելի շահեկան վիճակում»:

«Ճիշտ է՝ գործող օրենսդրությունը նախատեսում է, որ պետական գույք հանդիսացող հողատարածքները, գույքը պետք է օտարվեն աճուրդների միջոցով, սակայն այդ աճուրդների վերաբերյալ տվյալները շատ դժվար է գտնել և դրանք միասնականացված չեն», - իր հերթին փաստեց Գնել Ալավերդյանը:

Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն ասում է՝ խնդիրները հիմնականում օրենսդրական անհամապատասխանությունների պատճառով են ծագում: Նա, միաժամանակ, պետական մարմիններին կոչ է անում ավելի թափանցիկ գործել։

Հանձնաժողովն այժմ ուսումնասիրություններ է իրականացնում բենզինի ներկրման ոլորտում։ Արտակ Շաբոյանը հավաստիացնում է՝ այս ոլորտում տնտեսվարողների քանակն օրեցօր ավելանում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG