Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով զբաղվող հանձնաժողովները նիստեր անցկացրեցին


Արխիվ ֊֊ Ընտրողը քվեատուփի մեջ է մտցնում իր քվեարկությամբ ծրարը
Արխիվ ֊֊ Ընտրողը քվեատուփի մեջ է մտցնում իր քվեարկությամբ ծրարը

Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով զբաղվող երկու հանձնաժողովները՝ թե՛ վարչապետին առընթեր հանձնաժողովը, թե՛ խորհրդարանական աշխատանքային խումբը, այսօր առանձին նիստեր են անցկացրել:

Խորհրդարանում՝ աշխատանքային խումբը այսօր լսեց «Ելք» խմբակցության 10 առաջարկները: Դրանցից առավել թեժ քննարկումների հանգեցրեցին կուսակցությունների անցողիկ շեմը 1 տոկոսով նվազեցնելու և միայն պարզ համամասնական ընտրակարգ սահմանելու առաջարկները:

Հանրապետականը, մասնավորապես, առարկություն ներկայացրեց միայն համամասնական ընտրակարգ սահմանելու վերաբերյալ: Նախկին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց՝ այդ կերպ խորհրդարանում մարզերի ներկայացվածությունը կտուժի:

«Եթե մենք չապահովենք, չերաշխավորենք մանդատներ տարածքի համար, մենք չենք ունենա տարածքային ներկայացուցիչներ», ֊ նշեց Հարությունյանը։

Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանն ասաց՝ մինչ այժմ ունեցած փորձը ցույց է տալիս, որ մարզերի ժողովուրդը անգամ մեծամասնական ընտրակարգի դեպքում իր պատգամավորին չէր ճանաչում:

«Պարզվեց՝ այդ մեծամասնական պատգամավորին չեն էլ տեսել 5 տարի։ Ամենավատ արդյունքը դա տվեց», ֊ փաստեց դաշնակցական գործիչը։

Բուռն քննարկումներ առաջացրած մյուս հարցը առաջարկն էր՝ 1 տոկոսով նվազեցնել կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը, կուսակցությունների դեպքում այն սահմանել 4 տոկոս, դաշինքների դեպքում՝ 6 տոկոս: Բանավեճ ծագեց՝ արդյո՞ք սա կնպաստի քաղաքական ուժերի կայացմանը, թե հակառակը։ Դավիթ Հարությունյանն ասաց՝ նման փոփոխության անհրաժեշտություն չկա։

«Ծառուկյան» դաշինքից Սերգեյ Բագրատյանը պաշտպանեց «Ելքի» առաջարկը. ֊ «Կարճ ժամանակում ապացուցվեց, որ Ձեր տեսությունը, որ՝ 50-60 տոկոս ձայն ունեք, 7 տոկոս ունեցող կուսակցությունը համազգային շարժմամբ փլուզեց այդ առասեպելը։ Նշանակում է՝ ամենևին էլ քանակով չի, այլ որակով և գաղափարներով։ Ես առաջարկում եմ լրջորեն քննարել ավելի ցածր շեմ ընդունելու պայմանը, որովհետև կոնկրետ Վրաստանում 3 տոկոս ընդունել են և շատ դրական արդյունքներ են արձանագրել»։

Դաշնակցությունից պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց՝ շեմն իջեցնելով թույլ կտան ընտրողների ձայները չփոշիացնել, ինչը տեղի ունեցավ Գյումրիում և Վանաձորում համամասնական եղանակով վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ. ֊ «Եթե շեմը բարձր է, դա նշանակում է՝ փոշիացվող ձայները շատ են, դա նշանակում է ինչ֊որ մեկի ձայնը ի վերջո գնացել՝ մի ուրիշի մանդատն է ավելացրել»։

Դաշնակցական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը նկատեց․ ֊ «Կուսակցությունների կայանալն ու չկայանալը անցողիկ շեմի բարձրացնելով չպայմանավորենք։ Դրանք իրար հետ ընդհանրապես կապ չունեն։ Ավելին ասեմ՝ եթե ուզում եք չկայանան, իջեցրեք ինչքան ուզում եք՝ սարքեք խորհրդարան մտնելը փաբ մտնելուն հավասար մի բան»։

Անվավեր անձնագրերով անձանց քվեարկությունից զրկելուն Հանրապետականը դեմ արտահայտվեց. Վիգեն Սարգսյանը նշեց՝ հատկապես գյուղերում վավերականությանը շատ չեն հետևում, կառավարությունը պետք է գնա դռնեդուռ ու պարզի՝ արդյոք անվավեր անձնագրով անձը բացակայում է, թե ոչ. ֊ «Այստեղ պետք է ամրագրվի պարտականությունը՝ մինչև ցուցակից որևէ մեկին հանելը տրամաբանական ջանք գործադրել, ստուգելու համար՝ այդ մարդը բնակվում է, թե չէ»։

Լենա Նազարյանը ամեն դեպքում պնդեց՝ եթե անձը չի փոխել անձնագիրը, հավանաբար պետությունում չէ և հենց այդ մարդկանց փոխարեն գուցե քվեարկողներ լինեն։ Դավիթ Հարությունյանին փաստարկը չհամոզեց, բայց այդ Հարությունյանը հիշեց՝ իր անձնագիրն էլ վավերական չէ. ֊ «Հայտնաբերեցի, որ իմ անձնագիրը մեկուկես տարի է՝ վավեր չէ։ Շնորհակալություն, որովհետև ստիպեցիք ինձ գնալու ու ամեն դեպքում՝ թարմացնելու»։

Այն, որ փոստային ծանուցումները պետք է վերացվեն, կարծես բոլոր ուժերը համաձայն էին. Լենա Նազարյանն ասաց՝ դրանք ծախսատար են, պետք է այլ միջոց գտնել։ ֊ «Մինչև հիմա այդ ծանուցումների վրա ամեն ընտրությունների ժամանակ ծախսվել է մոտ կես միլիոն դոլար», ֊ փաստեց պատգամավորը։

Նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը առաջարկեց պարզապես ցանկացողներին բջջայինով հայտնել իրենց տեղամասի հասցեն. ֊ «Բոլորը անգիր գիտեն իրենց տեղամասը որտեղ է, ընտրությունները երբ են։ Կարծում եմ՝ ավելորդ, անիմաստ բան է։ Միանշանակ կարելի է այդ ծանուցումը հանել առհասարակ»։

Արմեն Ռուստամյանին հետաքրքրում էր՝ արդյոք վարչապետին առընթեր հանձնաժողովը առանձին նախագիծ է ներկայացնելու, խմբակցությունները առանձին, թե ի վերջո բոլորը միասին մի փաստաթղթի վրա են աշխատելու։

«Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ մեկ փաստաթուղթ է լինելու՝ իրեն փոխվարչապետն է վստահեցրել։

Վիգեն Սարգսյանը հիշեցրեց՝ ներկայիս ընտրական օրենսգիրքը ընդունվել է քաղաքական ուժերի կոնսենսուսով, թեև իրենք հնարավորություն ունեին իրենց տարբերակը խորհրդարանում անցկացնել, և կոչ արեց նոր իշխանություններին ևս կոնսենսուսով ընդունել վերջնական տարբերակը:

«Մենք ժամանակին ցուցաբերել ենք այդ քաղաքական կամքը, չնայած ունեինք մեծամասնություն, բայց ապահովեցինք այնպիսի փաստաթուղթ, որը բոլորի համար ընդունելի էր», ֊ հիշեցրեց Հանրապետականի ներկայացուցիչը։

Այսօր նաև նիստ է անցկացրել վարչապետին առընթեր հանձնաժողովը. մատնահետքերի միասնական համակարգը այս ընտրություններում իրատեսական չէ, քանի որ չեն տեղավորվի կառավարության ծրագրում նախատեսված մեկ տարվա ժամկետում։ Թե՛ անգույն, թե՛ գունավոր թանաքով մատների թանաքոտման առաջարկը ևս մերժվել է, քանի որ ըստ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի ռիսկեր է պարունակում: Հանձնաժողովը մերժել է նաև ընտրողների նախագրանցման համակարգ ներդնելու առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG