Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը տուգանել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին


Մոսկվայի դատարանը այսօր որոշեց տուգանել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին, գտնելով, որ ընկերությունը խախտել է «օտարերկրյա գործակալի» մասին օրենքի պահանջները, մասնավորապես՝ համապատասխան մարմիններին ֆինանսական հաշվետվություն չի ներկայացվել: Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանը որոշեց ընկերությանը տուգանել 100 հազար ռուբլով (1600 ամերիկյան դոլար):

Ընկերության ղեկավարությունը դատարանի որոշումը անարդար է համարում: Փաստաբանը նշել է, որ չնայած բազմաթիվ դիմումներին, արդարադատության նախարարության չինովնիկները այդպես էլ չեն պարզաբանել փաստաթղթերի լրացման կարգը: Բացի այդ, «օտարերկրյա գործակալ» համարվող լրատվամիջոցների ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու կարգը ուժի մեջ է մտել այն ժամանակ, երբ արդեն ավարտվել էր հաշվետվությունը ներկայացնելու օրենքով նախատեսված ժամկետը:

«Օտարերկրյա գործակալի մասին» օրենքի խախտելու մեղադրանքները կարող են հանգեցնել ընկերության և նրա աշխատակիցների դեմ քրեական բնույթի մեղադրանքների և սպառնալ ընկերության գործունեությանը Ռուսաստանի տարածքում:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթն ասել է, որ Ռուսաստանում ընկերության նկատմամբ հետապնդումների նոր կտրուկ սրացումը ուղղված է խոչընդոտելու ընկերության աշխատանքը և հանրության մոտ կասկածամտություն առաջացնելու աշխատակիցների հանդեպ:

Դատարանի որոշումը հաջորդում է ութ ամիս առաջ ՌԴ արդարադատության նախարարության կողմից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին, «Ամերիկայի ձայն»-ին ու մի շարք լրատվական հաղորդումների «օտարերկրյա գործակալ» պիտակավորելու որոշմանը:

Թոմաս Քենթն ասել է, որ ինչպես երևում է, ի սկզբանե այդ օրենքը քաղաքական բնույթ է կրել: «Ռուսաստանում գործող արտասահմանյան բոլոր լրատվամիջոցներից «օտարերկրյա գործակել» են համարվել միայն ԱՄՆ-ի Կոգրեսի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները: Մեր կարծիքով՝ օրենքը ստեղծվել է բացառապես մեզ թիրախավորելու համար: ԱՄՆ-ի օրենսդրությունը երաշխավորում է մեր խմբագրական անկախությունը: Պնդումները, թե մենք որևէ կառավարության գործակալ ենք, կեղծ են: Դա ազդեցություն է թողնում Ռուսաստանում մեր աշխատանքի վրա և վտանգներ ստեղծում մեր աշխատակիցների համար», - ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG