Մատչելիության հղումներ

Բարսեղ Բեգլարյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը


«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել «բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար», նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Վառելանյութի մեծածավալ ներկրումներով զբաղվող Բարսեղ Բեգլարյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ չի ընդունում մեղադրանքը, հաջորդ շաբաթ պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել և պատասխանել բոլոր հարցերին։

Այցելեցինք նրա բնակարան։ Կինը փոխանցեց, որ ամուսինը Երևանում չէ, նա ևս պնդեց՝ Բարսեղ Բեգլարյանը մեղավոր չէ։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Բեգլարյանին, ով ըստ մամուլի, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմներից է, սպառնում է առավելագույնը 5 տարվա ազատազրկում։

Գործը քննում է Քննչական կոմիտեն, որը պարզել է՝ Բարսեղ Բեգլարյանի որդուն՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից դեռ 2015-ին կատարվել էր խոշոր չափերի գույքի հափշտակություն։ Բելգարյանները այդ հանցագործության մեջ մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել պատճառված գույքային վնասը»։

Նախաքննական մարմնի փոխանցմամբ, Բարսեղ Բեգլարյանը բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով իրենց աշխատակցից պահանջել են որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20,000 դոլար:

Այս ընկերության արդեն նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանը ճանաչվել է տուժող։ Վերջինս, Բարսեղ Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականին գրավադրել է բանկում և մոտ 10 միլիոն դրամ փոխանցել ընկերությանը, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ընկերության բազայի պետ Հ. Հովսեփյանին:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, «Ազատության» հարցին, թե արդյոք բացի այս երկու մեղադրյալներից գործով չեն անցնում նաև այլ անձինք, մասնավորապես Բարսեղ Բեգլարյանի որդին՝ Նարեկ Բեգլարյանը, որի ղեկավարած «Ֆլեշ Մոտորս» ընկերության արդեն նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանի նկատմամբ է բռնության միջոցով ինքնիրավչություն իրականացվել, Տռուզյանը պատասխանեց․ - «Եթե քննությամբ պարզվի, որ այլ անձինք ևս մասնակցություն են ունեցել կատարված ինքնիրավչությանը, նրանց գործողություններին ևս կտրվի իրավական գնահատական»:

Այսօր այցելեցինք նաև Արման Մկրտումյանի բնակարան, մայրը՝ Անահիտ Չոփուրյանը, չհերքելով որդու հետ տեղի ունեցածը, ասաց, որ նա տանը չէ և առանց նրա թույլտվության չի կարող որևէ տեղեկություն փոխանցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG