Մատչելիության հղումներ

«Ֆլեշ»-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին`«բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար»։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը»։ «Ն. Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ հարազատների հետ միասին, ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար: Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բ. Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը», - շարունակում է մանրամասնել Քննչական կոմիտեն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ինքնիրավչությունը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ընկերության բազայի պետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG