Մատչելիության հղումներ

Հայաստանը տոնում է Սահմանադրության օրը


Հայաստանը այսօր տոնում է Սահմանադրության օրը:

Երկրի Հիմնական օրենքը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ի համաժողովրդական հանրաքվեով, ապա երկու անգամ փոփոխության է ենթարկվել՝ 2005 և 2015 թվականներին:

Այսօր ելույթ ունենալով Գորիսում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարեց․ - «Ես ուզում եմ ձեզ շնորհավորել նաև Սահմանադրության օրվա կապակցությամբ և կարծում եմ, որ մենք մեծ նվաճում ունենք Հայաստանի Սահմանադրության ընդունումից 23 տարի անց: Սահմանադրության 2-րդ հոդվածում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և էսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ դրա կապակցությամբ»:

«Հայաստանի Հանրապետության տերը Հայաստանի ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության վարչապետը և մյուս պաշտոնյաները ծառայում են ժողովրդին՝ սա՛ է այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել, էս կարևոր փոփոխությունը, ձեր հաղթանակը երբեք, ոչ մի պատճառով, որևէ դեպքում ձեր ձեռքից բաց չթողնեք, որովհետև էս է բանաձևը բոլոր խնդիրները լուծելու», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև շնորհավորական ուղերձով է հանդես եկել, որում մասնավորապես ասված է․ - «Մեր երկրում տեղի է ունեցել դարակազմիկ իրադարձություն՝ ժողովրդական թավշյա հեղափոխություն։ Այն տեղի է ունեցել խաղաղ և սահմանադրական ճանապարհով։ Մենք ձեզ հետ միասին Հայաստանում հաստատում ենք իրավունքի և օրենքի գերակայություն, որ մեր ողջ հասարակության և ժողովրդի կարևորագույն նպատակներից է»։

«Մեր երկրի հիմնական օրենքը, ինչպես գիտեք, ընդունումից հետո ենթարկվել է փոփոխությունների։ Դրանք ժամանակին ոմանց համար եղել են ընդունելի կամ ոչ։ Այսօր ունենք այն, ինչ ունենք, և Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է։ Մեր քայլերն այսուհետ ևս լինելու են բացառապես սահմանադրական դաշտում։ Ավելին՝ սահմանադրական կարգի դեմ նախկինում եղած հնարավոր ոտնձգությունները մանրամասնորեն և հրապարակայնորեն ուսումնասիրվելու են։ Մեր պայքարը և աշխատանքն ուղղված են նրան, որ Հայաստանի քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները չմնան թղթի վրա և լիարժեքորեն կյանքի կոչվեն», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Սահմանադրությունն այն հիմնարար փաստաթուղթն է, որը որպես մեր անկախության և հետագա զարգացման երաշխիք, ամրագրում է իրավունքի գերակայության, օրինականության, արդարության և ժողովրդի իշխանության վրա հիմնված արժեհամակարգը մեր երկրում», - իր ուղերձում գրել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով․ - «Վերջին շրջանում պետական շինարարության մեջ կատարվող քայլերը նույնպես հենվում են երկրի հիմնական օրենքի այդ տրամաբանության վրա: Սահմանադրության հերթական տարեդարձի օրը մենք կարող ենք հպարտությամբ արձանագրել ոչ միայն ինքնիշխան, զարգացող, ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության աներկբա գոյության փաստը, այլև միջազգային ասպարեզում նրա աճող վարկանիշի առկայությունը: Այն շարունակաբար բարձրացնելը բոլորիս իրավունքն ու պարտականությունն է, և առհասարակ մեր բարոյական պարտքն է հայրենիքի հանդեպ»:

«Սահմանադրությունը և ժողովրդի կամքը փոխկապակցված են իրար: Այսօր ժողովուրդն է իր կյանքի, պետության զարգացման օրակարգի լիարժեք ձևավորողը: Այդ օրակարգը պետք է զերծ լինի զգացմունքի գերակայությունից և կյանքի կոչվի Սահմանադրության նկատմամբ հարգանքի հենքի վրա` որպես ազատ, ժողովրդավարական և ուժեղ Հայաստանի գրավական: Միասին պետք է շարունակենք կառուցել քաղաքականապես ու տնտեսապես ներդաշնակ, քաղաքացու և իշխանության փոխադարձ հարգանքի վրա զարգացող Հայաստանը: Իրավունքի, օրենքի ու արժանապատվության երաշխավորմամբ ապրելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ՝ իրականություն», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

«Քսաներեք տարի առաջ մենք ազատ կամարտահայտմամբ ընդունեցինք հայոց նորանկախ պետականության ամրապնդման համար բացառիկ նշանակություն ունեցող մի փաստաթուղթ, որն ամփոփեց երրորդ հազարամյակի շեմին ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն կերտելու մեր երազանքը», - ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Արա Բաբլոյանի ուղերձում:

«Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի ընդունումը կանխորոշեց մեր պետության հետագա ընթացքն ու զարգացման ուղին: Անկախ պետականություն կառուցելու տարբեր հանգրվաններում այն երկու անգամ ենթարկվեց փոփոխությունների և փայլուն կատարելով իր պատմական առաքելությունը` միշտ մնաց բոլոր տեսակի իրավահարաբերությունների կարգավորման հիմքը, իսկ իրավական հարթությունում դարձավ մեր ինքնիշխանության մշտարթուն պահապանը», - իր ուղերձում գրել է Ազգային ժողովի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG