Մատչելիության հղումներ

Պետության ձևավորած լրատվամիջոցում առկա կոռուպցիան հարվածում է բոլոր ԶԼՄ-ներին․ Բորիս Նավասարդյան


Գլխավոր դատախազությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում իրականացված ստուգումներից հետո քրեական գործ է հարուցել առանձնապես խոշոր չափերով յուրացման, առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու համար:

Դատախազությունը, մասնավորապես, պարզել է, որ Հանրայինը պետությունից հատկացված գումարներով 2015-2016 թվականներին կատարել է 168,5 միլիոն դրամի ծախսեր, որոնք, սակայն, իրականացվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթերով:

Ընդ որում՝ այդ ընկերություններից շատերը, որոնց հետ պայմանագիր է կնքվել, գրանցված աշխատակիցներ չեն ունեցել, կամ նրանց թիվը չի համապատասխանել ներկայացվածին։ Դատախազությունը պնդում է՝ Հանրային հեռուստաընկերությունն ունեցել է համապատասխան մասնագետներն ու տեխնիկական միջոցները, այնպես որ ստացվում է, որ տեխնիկա կամ մասնագետներ վարձակալելու կարիք չի ունեցել։ Ստուգումների ընթացքում նաև պարզվել է, որ 2015-16 թվականների ընթացքում շինարարական կազմակերպություններին 8 միլիոն 800 հազար դրամ է վճարվել՝ չկատարած աշխատանքների համար։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց, նրանք չպատասխանեցին հեռախոսազանգերին։ Հուլիսին Ազգային ժողովում Հանրային Հեռուստառադիոընկերության բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, սակայն, անդրադառնալով մամուլում շրջանառվող հնարավոր չարաշահումների թեմային, Գրիգորյանը պնդել էր, թե յուրացումներ չեն եղել։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն, իր հերթին, նշել էր, թե խոսքը մեծ մասամբ վերաբերում է ընթացակարգային շեղումներին։ «Մոտ 180 միլիոն դրամի մասին է խոսքը, որը վերականգնման ենթակա գումար է եղել և որը վերականգնվել է: Մնացածը սահմանված ընթացակարգերին համապատասխանության արձանագրումներ են եղել, դրանք մեր ունեցած տեղեկություններով շտկվել են»,- ասել էր նախարարը:

Ստուգումների ընթացքում դատախազությունը որոշ այլ խախտումներ էլ է նկատել․ հեռուստաարտադրության և տեխնիկական միջոցների վարձակալության պայմանագրերի կողմեր են հանդիսացել ընկերություններ, որոնց հիմնադիրները եղել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմում կամ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ընկերությունում պաշտոն զբաղեցնող անձինք: Հետագայում նրանք թողել են պաշտոնը։ Հուլիսին կայացած նիստի ժամանակ Ջաղինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ հանրայինի պատվերների շուրջ 75 տոկոսը տրված է «Շարմ» հոլդինգին, որի սեփականատերերից մեկն ինքն է, ասել էր, թե «Շարմը» կազմակերպություն է, որը որակով ծրագրեր է պատրաստում։

Բորիս Նավասարդյան, արխիվ
Բորիս Նավասարդյան, արխիվ

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն «Ազատության» հետ զրույցում նկատեց՝ սովորաբար չորրորդ իշխանությունն է աղմկահարույց բացահայտումներ անում, իսկ այս դեպքում հենց ինքն է հայտնվել կոռուպցիոն սկանդալում։ «Ամեն դեպքում բոլորը հավասար են օրենքի առջև, բայց միգուցե մի փոքր ավելի մեծ կարևորոթյուն կա այստեղ, որովհետև, ի վերջո, ցանկացած չարաշահում կամ կոռուպցիոն սխեմա, որոնք գործում են պետության կողմից ձևավորված լրատվամիջոցներում, նվազեցնում են վստահությունն ընդհանրապես լրատվամիջոցների նկատմամբ: Դա լրացուցիչ ապատիա և հոռետեսություն է ձևավորում հասարակության մեջ»,- ասաց Նավասարդյանը:

Դատախազությունից տեղեկացնում են, որ քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG