Մատչելիության հղումներ

Նոր հոսանքազրկումների ֆոնին Իլհամ Ալիևի աշխատակազմը հայտարարում է, որ վերահսկում է իրադրությունն Ադրբեջանում


Հոսանքազրկվել է նաև Բաքվի մետրոն, 3-ը հուլիսի, 2018 թ․
Հոսանքազրկվել է նաև Բաքվի մետրոն, 3-ը հուլիսի, 2018 թ․

«Ադրբեջանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը երկրում և ի վիճակի են ապահովել երկրի ու քաղաքացիների անվտանգությունը, կյանքի բնականոն ռիթմը»: Այսօր առավոտյան նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմը` մեկնաբանելով երկրում վերջին 48 ժամերին տեղի ունեցած իրադարձությունները:

Խոսքը, մասնավորաբար, Ադրբեջանի տարածքի մի զգալի մասի մեկը մյուսին հաջորդած երկու հոսանքազրկումների, իսկ երեկ երեկոյան երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի` Գյանջայի քաղաքապետի դեմ իրականացված անհաջող մահափորձի մասին է:

«Մի շարք ընդդիմադիր շրջանակներ լրատվական կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով նպատակաուղղված կերպով օգտվեցին այն հանգամանքից, որ «Ադրբեջանական ջերմաէլեկտրակայանում» վթար է տեղի ունեցել, իսկ Գյանջայում` հարձակում բարձրաստիճան պաշտոնյայի վրա` փորձելով բնակչության շրջանում զանգվածային դժգոհություն և երկրի կայունությունը խաթարող տրամադրություններ առաջացնել»,- նշված է Իլհամ Ալիևի աշխատակազմի հայտարարության մեջ:

Ադրբեջանի բնակչությունը, սակայն, գոնե վերջին երկու օրերին դժգոհության լուրջ պատճառներ ունի: Երեքշաբթի երեկոյան երկրորդ անգամ 24 ժամվա ընթացքում հոսանքազրկվեց երկրի մեծ մասը, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքուն: «Եթե նախորդ գիշեր պատճառը Մինգեչաուրի ՀԷԿ-ի 6-րդ բլոկում տեղի ուենցած վթարն էր, ապա այս անգամ, ըստ պաշտոնական վարկածի, շարքից դուրս է եկել էլեկտրակայանի 7-րդ բլոկը»-, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Սիրողական տեսագրություններում հստակ երևում է, թե ինչպես են չաշխատող լուսաֆորների պատճառով խցանվել քաղաքի կենտրոնական փողոցները: Հոսանքազրկման պատճառով կանգ էր առել նաև Բաքվի մետրոպոլիտենը: Ուղևորներից շատերը ստիպված են եղել ինքնուրույնաբար լքել գնացքները և հոսանքազրկված թունելներով հասնել մոտակա կայարան: «Մնացել էինք թունելում, հետո ստիպված եղանք մի կերպ սեփական ուժերով կամաց-կամաց քայլել մինչև կայարան և դուրս գալ փողոց»,- Real TV-ի թղթակցին պատմել է Բաքվի մի բնակիչ:

«Աստիճաններով բարձրանալու ընթացքում ես հասկացա, որ ոտքերս այլևս չեն ենթարկվում ինձ: Լավ է, որ ոստիկաններն ու մյուս ուղևորները ինձ օգնեցին, ու ես ի վերջո կարողացա դուրս գալ»,- Meydan TV-ի թղթակցի հետ զրույցում պատմել է մեկ այլ բնակիչ:

Ադրբեջանի տրանսպոտի նախարարությունն այսօր առավոտյան հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ հոսանքի տատանումների պատճառով Բաքվի մետրոպոլիտենը ողջ օրվա ընթացքում գործելու է բացառապես թեստային ռեժիմում և ուղևորներին չի սպասարեկելու: Կեսօրին մոտ, սակայն, մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Բաքվի մետրոպոլիտենը վերսկսել է բնականոն աշխատանքը: Բաքվի ջրամատակարարումը, որը ևս դադարեցվել էր հոսանքազրկումների պատճառով, ամբողջ ծավալով վերականգնվելու է արդեն վաղը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում վերջին ժամերին տեղի ունեցած մյուս արտակարգ պատահարին` Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ իրականացված մահափորձին, ապա այստեղ ևս առայժմ բազմաթիվ անպատասխան հարցեր կան:

Վելիևն ու նրա թիկնապահը հրազենային վնասվածքներ ստացան երեկ երեկոյան` քաղաքապետարանի շենքի առջև: Ներքին գործերի նախարարության և Պետանվտանգության ծառայության համատեղ հայտարարության համաձայն՝ քաղաքապետի դեմ մահափորձն իրականացրել է Գյանջայի բնակիչ Յունիս Սաֆարովը, որին տեղում զինաթափել ու ձերբակալել են:

Վելիևն Ադրբեջանի ամենաազդեցիկ պաշտոնյաներից է, նրա հարազատ եղբայրը` Խանլար Վելիևը, 2005 թվականից ի վեր զբաղեցնում է երկրի զինդատախազի պաշտոնը: Ադրբեջանական իշխանությունները, սակայն, պնդում են, որ տեղի ունեցածը ոչ թե ահաբեկչական գործողություն էր, այլ քրեական ենթատեքստ ունեցող միջադեպ: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG