Մատչելիության հղումներ

Սա նոր Հայաստանն է, և օրենքի առաջ բացառապես բոլորը հավասար են. վարչապետի աշխատակազմի ղեկավար


«Ինչ վերաբերում է լրատվության ազատությանը, ապա իմ կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր, տեղի է ունենում ազատությունների շրջանակներում», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Ֆեյսբուքում լրագրողների այն դժգոհություններին, թե «նոր կառավարության օրոք լրատվամիջոցներն ավելի շատ են թիրախավորվել»։

Աղաջանյանը նշեց՝ ինքը որևէ մեկի իրավունքների ոտնահարման դեպք չի հանդիպել։

«Ես, անկեղծ ասած, որևէ մեկի իրավունքների ոտնահարման որևէ դեպք չեմ հանդիպել։ Ֆեյսբուքյան օգտատերերը, կարծում եմ, ևս ազատ են արտահայտել իրենց վերաբերմունքը ցանկացած լրատվամիջոցի նկատմամբ, և հակառակը՝ ցանկացած լրատվամիջոց, կարծում եմ, իրենց էքսպերտիզայի չափով և իրենց ունեցած ռեսուրսների չափով պետք է կարողանա համապատասխան լրատվությունը հասցնել լսարանին։ Որոշ հատվածին էդ լսարանի կարող է դա դուր գալ, որոշին՝ դուր չգալ, և կարծում եմ՝ այն հատվածը, որին որևէ լրատվամիջոց դուր չի գալիս, և օգտատերերը կարծում են, որ տվյալ լրատվամիջոցն այնուամենայնիվ օբյեկտիվ չէ, նրանց իրավունքն է դիսլայք անել, կարծիք արտահայտել», - ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Դիտարկմանը, թե «Հրապարակ» օրաթերթն էր դիմել վարչապետին և խնդրում էր զսպել թիմակիցներին, Աղաջանյանն այսպես արձագանքեց. - «Նրանց իրավունքն է, կարծում եմ, նույն տրամաբանությամբ որևէ խնդիր չեմ տեսնում՝ թե՛ այս կողմից, թե՛ այն կողմից, անկեղծ ասած, որևէ խնդիր չեմ տեսնում»։

«Սա նոր Հայաստանն է, և օրենքի առաջ բացառապես բոլորը հավասար են»

Գագիկ Ծառուկյան, հետին պլանում՝ Էդուարդ Բաբայան
Գագիկ Ծառուկյան, հետին պլանում՝ Էդուարդ Բաբայան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Ընդ որում, ըստ տուժողի, իրեն առաջին հարվածները հասցրել է անձամբ Գագիկ Ծառուկյանը։

Հարցին, թե ընդհանրապես ինչպե՞ս է վերաբերվում այսպիսի միջադեպերին, ծեծկռտուքներին, Աղաջանյանը պատասխանեց. - «Առհասարակ միջանձնային հարաբերություններում, որպես հարաբերությունները կարգավորող մեխանիզմ, ինքնադատաստանը որևէ կերպ ընդունելի չէ ինձ համար, սա նոր Հայաստան է։ Ես կխնդրեմ ինձ թույլ տալ, որ ես տվյալ անձանց վերաբերյալ էս հարցի կոնտեքստում որևէ բան չասեմ, որովհետև այս հարցը նախաքննության փուլում է։ Ես ուզում եմ ուղղակի ևս մեկ անգամ վերահաստատել այն պնդումը, որ սա նոր Հայաստանն է, և օրենքի առաջ բացառապես բոլորը հավասար են։ Ես կխնդրեմ թույլ տալ ինձ, քանի դեռ բոլոր ապացույցներն ի հայտ չեն եկել, կարծիք չարտահայտել այս հարցի վերաբերյալ՝ նշելով, այնուամենայնիվ, որ անկախ նրանից, որևէ անձ, ով մեղադրվում է հանցագործության մեջ՝ լինի դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, լինի դա մեր թիմի ամենանեղ շրջանակների որևէ ներկայացուցիչ, բոլորն, առանց բացառության, կրում են պատասխանատվություն»։

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG