Ռուսաստան է այցելել ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը: Այցի նպատակը ռուս-ամերիկյան կապերի բարելավմանը նպաստելն է: 7 հոգանոց պատվիակության կազմում հանրապետական օրենսդիրներ են՝ առավելապես սենատորներ և ներկայացուցիչների տան մեկ կոնգրեսական:
Մինչև հուլիսի 5-ը նախատեսված այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են ծրագրված: Այսօր նրանք արդեն հանդիպում են ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Պատվիրակության ղեկավար, Ալաբամա նահանգից սենատոր Ռիչարդ Շելբին այդ հանդիպմանն ասել է . «Մենք հույս ունենք, որ Հելսինկիում Պուտին-Թրամփ հանդիպումը նոր օրվա սկիզբ կդառնա: Մենք կարծում ենք, որ աշխարհն ավելի լավը կլինի, եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լարվածությունը նվազի: Մենք եկել ենք գիտակցումով, որ մեր երկրների հարաբերությունները լարված են, սակայն կարող ենք ավելի լավ հարաբերություններ ունենալ, քանի որ աշխարհում որոշ ընդհանուր շահեր ունենք: Դրանց շուրջ կարող ենք միասին աշխատել: Մենք կարող ենք մրցակիցներ լինել, մենք մրցակիցներ ենք, բայց անպայման չէ, որ լինենք հակառակորդներ»:
Ռուսաստանի արտգործնախարարը շնորհավորելով կոնգրեսականներին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ, հույս է հայտնել, որ Կոնգրեսի պատվիրակության այցը Ռուսաստան կխորհրդանշի երկու երկրների խորհրդարանների միջև կապերի վերականգնումը: Լավրովն ասել է, որ կոնգրեսականների այցը շատ ճիշտ ժամանակին է կատարվում՝ երկու նախագահների հանդիպմանն ընդհառաջ:
ԱՄՆ-ի կոնգրեսի պատվիրակությունն այսօր հանդիպումներ է ունանալու նաև Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և վերին պալատի՝ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևի հետ: Պետդումայի նախագահը տեղեկացրել է, որ հանդիպումը մամուլի համար փակ է լինելու: Վոլոդինն ասել է, որ Պետդուման պատրաստ է երկխոսության ամերիկացի օրենսդիրների հետ, նշելով՝ ներկա դրությամբ ռուս-ամերիկյան խորհրդարանական կապերը գտնվում են զրոյական մակարդակի վրա:
Մինչ Ռուսաստան մեկնելը ԱՄՆ կոնգրեսի պատվիրակության անդամները հույս էին հայտնել, որ հնարավոր է՝ հանդիպում լինի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Վլադիմիր Պուտինը կոնգրեսականներին հանդիպելու ծրագիր չունի: Իսկ Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման մասին Պեսկովն ասել է՝ եթե կողմերը համաձայնեն, նախագահները կարող են նախ առանձին հանդիպում ունենալ, առանց օգնականների ու այլ պաշտոնյաների մասնակցության:
Հուլիսի 16-ին Հելսինկիում նախատեսված հանդիպումը լինելու է Թրամփի և Պուտինի առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումը: Մինչ այդ նրանք երկու անգամ հանդիպումներ են ունեցել միջազգային համաժողովների շրջանակներում: