Մատչելիության հղումներ

Համատիրությունները կառավարիչներով փոխարինելու նախագիծը կոշտ քննադատության է արժանանում


Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է լուծարել համատիրությունները և բազմաբնակարան շենքերի կառավարումը վստահել մասնագիտացված անձանց՝ կառավարիչների:

Նախարարությունից պնդում են, թե նոր օրենքը կարող է լուծել տարիներ շարունակ համատիրությունների աշխատանքից դժգոհող բնակիչների խնդիրները, մինչդեռ օրինագծին հակադրվողների կարծիքով՝ գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում․ հիմա համատիրությունն է գումար հավաքում և խնդիր չի լուծում, հետո նույն ոճով կաշխատի կառավարիչը:

Արդարադատության նախարարության Իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանի պնդմամբ՝ գործող «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրությունների մասին» օրենքները չափազանց բարդ են: Նախագծով ոչ միայն ցանկանում են պարզեցնել, այլ նաև վերականգնել բնակիչ-կառավարիչ կապը, վստահությունը․ - «Որոշակի ժամանակ անց համատիրություններ չգրանցվեցին: Ինքնաբուխ առաջացան, և բնակիչների մոտ այդպես էլ բաց մնաց, թե դրանք ինչ մարմիններ են, ինչի համար են: Իրենք այդպես էլ չէին գիտակցում, որ իրենք որպես սեփականատեր ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտավոր են մասնակցել բազմաբնակարան շենքի կառավարմանը: Հիմա մեր խնդիրը պրոֆեսիոնալ կառավարում ունենալն է»:

Ըստ նախագծի, համատիրությունների լուծարումից հետո սեփականատերերը ընտրելու են կառավարչին, ծառայությունների դիմաց վճարելու են նրան, և վերջինս պետք է պատշաճ իրականացնի բազմաբնակարան շենքի կառավարումը: Ոչ արդյունավետ կառավարման դեպքում կառավարչի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն:

Նկատենք, որ նորից վերահսկող մարմինը լինելու է բնակիչը՝ հետևեց կառավարչի աշխատանքին՝ շենքի խնդիրները կլուծվեն, չհետևեց՝ ինքն իրեն պետք է մեղադրի:

«Եթե իրանք գումար չեն հատկացրել ընթացիկի համար և խնդիրը առաջանալու պահին էլ չեն հավաքում, իրենք են պատասխանատվություն կրում», - պարզաբանեց Անահիտ Անտոնյանը:

Կառավարչին գումար չվճարելու տարբերակ այլևս չի լինի, որովհետև բնակարանին, սեփականությանն առնչվող յուրաքանչյուր փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել տեղեկանք, որ կառավարչին որևէ պարտք չունես:

Նկատենք, որ այսօր բնակիչների մեծ մասը բողոքում է խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած վերելակներից, առնետներով լի աղբատարերից, չվերանորոգված տանիքներից: Այդուհանդերձ համատիրություն - կառավարիչ փոխակերպումից վերնոշյալ հարցերի լուծումը կրկին մշուշոտ է:

Նախարարությունում միայն հույս ունեն, որ հետագայում կկարողանան համակարգն այնպես զարգացնել, որ դրամաշնորհների միջոցով ծասխատար ծրագրերի միայն 50 տոկոսը կմնա բնակիչների վրա:

Համատիրությունների ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանը նախ և առաջ չի հասկանում, թե ինչու է ներկայիս կառավարությունը փորձում իրականացնել նախորդ կառավարության բացասական նախագիծը: Գրիգորյանի խոսքով՝ նախագիծ են բերել, բայց ամենակարևոր խնդիրներին լուծում չեն առաջարկել․ - «Որոշակի խնդիրներ կան, որ քաղաքացիները ուզում են, որ բազմաբնակարան շենքերում իրականացվի: Մասնավորապես՝ ջրի խնդիր, գազամատակարարման, էլեկտրամատակարարման: Էն խնդիրները, որոնք շենքերում կան, և մարդիկ ուզում են, որ որակյալ ծառայություններ լինեն: Էսօր որակյալ ծառայություններ մատուցող կազմակերպություններ չկան: Կամ քիչ կան: Եթե չկան որակյալ ծառայություններ մատուցող կազմակերպություններ, կամ իրանք կտրված են բազմաբնակարան շենքերից, ապա օրենք փոխելով, բառ փոխելով որևէ բանի չենք հասնելու»:

Գրիգորյանն ընդգծում է, որ լավ համատիրությունները քիչ շենքեր սպասարկողներն են, այսինքն այն շենքերը, որտեղ հենց բնակիչներն են ընդգրկված կառավարման խորհրդում: Որպես վատ օրինակ մատնանշում է Կենտրոն համայքնը, որտեղ 600 հազար բնակչի սպասարկում է ընդամենը երկու համատիրություն, և բնակչի շահերն ուղղակի ոտնահարվում են, լուծվում են այն բնակիչների խնդիրները, որոնք լավ կապեր ունեն համատիրությունների հետ:

Գրիգորյանը մտահոգություն ունի, որ առաջարկվող նախագծով այս օրինակն է ամրապնդվելու, և անօրինակությունների առջև կանաչ լույս է վառվելու․ - «Էստեղ կա հսկայական պրոբլեմ, և դա արել են ՏԻՄ-երի մասնակցությամբ՝ քաղաքապետերն են արել կամ համայնքապետերը: Այն համատիրություններում, որոնք էդ ճանապարհով են ստեղծված, բնակիչների մոտ կա մշտապես խնդիր: Էս անօրինական ճանապարհը օրինականացվում ա: Այսինքն էդ քաղաքապետերը իրենց ցանկացած մարդուն կարող են նշանակել պրոֆեսիոնալ կառավարիչ»:

Իր բոլոր մտագոհությունները համատիրությունների ասոցիացիայի նախագահը նամակով փոխանցել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

Նկատենք, որ Արդարադատության նախարարության կայքում տեղադրված նախագիծը բավականին կոշտ քննադատության է արժանացել․ փաստաթղթին ծանոթանալուց հետո մարդկանց 70 տոկոսը դեմ է քվեարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG