Մատչելիության հղումներ

Որդեկորույս ծնողները հուսով են, որ վարչապետի հետ հանդիպումից հետո իրենց զավակների գործերը կվերանայվեն


Տարբեր տարիներին զինված ուժերում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները երեկ հանդիպելով վարչապետին՝ հավաստիացում են ստացել, որ Նիկոլ Փաշինյանը նրանց զավակների գործերը կպահի ուշադրության կենտրոնում։

Որդեկորույս ծնողները տարիներ շարունակ պնդում են, թե բանակում իրենց որդիներին սպանել են, իսկ իրավապահները կոծկել են սպանությունները, և ոչ ոք դատարանի առջև չի կանգնել։

Վարչապետի հետ երեկ հանդիպման գնացած ծնողները տարիներ ի վեր տարբեր բողոքի ակցիաներով փորձում էին նախագահի, վարչապետի, իրավապահների ուշադրության կենտրոնում պահել որդիների մահվան քրեական գործերը, բայց ապարդյուն։

Իրինա Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց վարչապետի հետ հանդիպումից․ - «Որ զանգահարեցին ու կանչեցին, որ հանդիպում ունենք Նիկոլ Փաշինյանի հետ, ուղղակի էն էր, որ սիրտդ հանգիստ, ոչ թե էն էր, որ առաջվա նման գնում էինք էն օլիգարխների տարածքը, չէին լսում, իսկ Նիկոլ Փաշինյանը զուտ մարդկային․․․ Իմ կարծիքն եմ ասում․ ինքն էլ զինվոր ունի և մտնում ա ծնողների դրության մեջ»:

Որդեկորույս մայրը ակնկալում է, որ Փաշինյանի կառավարությունը վերաբացելով որդու մահվան վերաբերյալ հարուցված, հետագայում կարճված գործը՝ ի վերջո կբացահայտի մեղավորներին․ - «Ասել ա՝ բոլորիդ կլսեմ, նշումներ կանեմ, պատկան մարմիններին հանձնարարություն կտամ, որ ձեր գործերը վերանայեն: Ասում ա՝ ես ամեն ինչ կանեմ, որ էդ գործերը վերանայեն»:

Վարչապետ Փաշինյանը դեռ մեկ ամիս առաջ Կառավարության շենքի մոտ հանդիպել էր բողոքի ակցիա անցկացնող որդեկորույս ծնողներին և խոստացել էր զբաղվել նրանց հարցերով։ Երեկ վարչապետն ասել է՝ չկա ոչ մի պատճառ, որպեսզի չցանկանա, որ քրեական գործերը լիարժեք բացահայտվեն․ - «Մենք և անձամբ ես շահագրգիռ ենք, որ բոլոր այն թեմաները, որ կան, լուծվեն: Ես տեղյակ եմ, որ կան գործեր, որոնք ընդհանրապես բացահայտված չեն, կան գործեր, որոնք համարվում են բացահայտված, բայց հարազատները որոշակի կասկածներ ունեն, այնքան էլ բավարարված չեն գործի բացահայտմամբ: Հետևաբար, ես կարծում եմ, որ էնտեղ, որտեղ մենք հիմնավոր կասկածներ կունենանք, որ ամեն ինչ էնպես չի, ինչպես ներկայացվում ա, նորից կփորձենք անդրադառնալ դրանց: Ես կմիջնորդեմ, որպեսզի իրավապահ մարմինները այդ գործերով զբաղվեն, և փորձենք արդյունքներ ունենալ»:

Ղազարյանի որդին՝ 19-ամյա Արթուր Ղազարյանը մահացել է 2010-ին՝ պաշտոնական վարկածով գլխի ուռուցքի պատճառով։ Մինչդեռ ծնողները իրեց փաստարկներն են բերում՝ հիմնվելով դատաբժշկական փորձաքննության վրա, որտեղ դատաբժիշկը նշել է գլխի հարվածների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG