Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գիտխորհրդի քարտուղար Նարինե Մարգարյանը։ Որոշումը կայացվել է այսօր՝ թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, բաց քվեարկությամբ։
Հոգաբարձուների խորհրդի 15 անդամներից 11-ն այսօր նաև որոշել են, որ առաջիկայում հայտարարվելու է տնօրենի թափուր հաստիքի մրցույթ։
Հիշեցնենք՝ տնօրենի պաշտոնը թափուր է դեռ 2017 թվականի փետրվարից, երբ լրացել էր նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի պաշտոնավարման ժամկետը։
Ըստ կրթության ու գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի, այս նշանակումը 2 ամիս ժամկետով է, «մինչև համապատասխան ընթացակարգով կհայտարարվի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ և հոգաբարձուների խորհուրդը կընտրի տնօրեն»։
Փոխնախարարի խոսքով՝ չնայած վերջին շրջանում առկա տարաձայնություններին, այդ մրցույթին կարող է մասնակցել նաև ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
Հիշեցնենք, անցած շաբաթ Հայոց ցեղասպանության-թանգարան ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում աղմկահարույց գրառում էր կատարել՝ կրթության նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրելով իր բացակայության ընթացքում իր աշխատասենյակ «ներխուժելու» և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեջ։
Հարությունյանը հակադարձել էր՝ Դեմոյանը թանգարան-ինստիտուտում որևէ իրավաբանական կարգավիճակ չունի։