Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը. ըստ տուժողի՝ իրեն հարվածել է նաև Ծառուկյանը


Գագիկ Ծառուկյան, հետին պլանում՝ Էդուարդ Բաբայան
Գագիկ Ծառուկյան, հետին պլանում՝ Էդուարդ Բաբայան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել է։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Տռուզյանի խոսքով՝ Բաբայանը կասկածվում է դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու մեջ։

Այսօր ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ մանրամասնելով, որ «երեկ՝ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջակողմյան եզրային պնևմոթորաքս /կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն/, 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1968թ: Նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր»։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) կետով: 50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

Ոստիկանությունը նշում է, որ ըստ տուժողի հաղորդման, նրան «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը»։

Տուժողը նաև ասել է, որ «իր որդին, որը Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն։ Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգևներ է խոստացել, սակայն որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով»։

«Էդուարդ Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության ծառայողները ծավալուն հետախուզական և այլ միջոցառումներ սկսեցին ձեռնարկել, ինչի արդյունքում՝ դեպքից ժամեր անց Բաբայանը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա որպես կասկածյալ ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG